Vardan Voskanyan's Channel
4.85K subscribers
333 photos
54 videos
1 file
217 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Հանրապետության հրապարակում «Գարաբաղ» են երգում, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն անընդհատ սպառնում է ու վիրավորում, մենք՝ որպես ազգ, մեզ նվաստացած ենք զգում և այլ բազմաթիվ՝ ոչ միայն արժանապատվության, այլ նաև գոյութենական, խնդիրների լուծումը մեկն է և միայն մեկը։

Համազգային և համապետական ջանքերի ու ռեսուրսների գերկենտրոնացմամբ հստակորեն ծրագրել և մեթոդաբար ու քայլ առ քայլ իրականացնել Ադրբեջան անվանումով քաղցկեղային գոյացության չեզոքացման անզուգաչափ գործողությունը։

Մնացածը հեքիաթ է, որովհետև «կա՛մ մենք, կա՛մ դուք» պարզ և անպաճույճ բանաձևումն անթաքույց կերպով արվել է հենց Բաքվի բարբարոսսկան վարչախմբի կողմից, իսկ մենք ուղղակի չենք ցանկանում առերեսվել այս իրականությանը՝ տածելով սին հույսեր և ապրելով պատրանքներով։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մեզանում, ըստ իս, դեռևս չհիմնավորված տպավորություն կա, թե դրսից և, ցավալիորեն, նաև ներսից մեր ինքնությանը հասցվող պարբերական կացնային հարվածներն անդառնալիորեն կործանել են դրա մի քանի հիմնասյուներ՝ զրկելով այդ ինքնությունը դիմադրողական ողջ ներուժից։

Մինչդեռ ուշադիր դիտարկելով մեզանում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների դրվագներ, թերևս, ավելի ճիշտ է կարծել, որ ավելի շուտ գործ ունենք «սեղմված զսպանակի» հետ, երբ պատկերավոր ասած, մեր ինքնության զսպանակի Արարատի, Արցախի, ցեղասպանության խնդրի և, ավելի լայն իմաստով, «հայերի ու թուրքերի» հակադրության հիմնահարցի և այլ գալարներ մեթոդական քարոզչական ճնշման հետևանքով խիստ սեղմվել են, սակայն չեն կոտրվել։

Եթե սա ճիշտ է, ապա այս սեղմված զսպանակը կարող է ունենալ երկու վերջնարդյունք՝ անդառնալիորեն կոտրվել կամ հետ բացվել էլ ավելի հզոր լրացուցիչ ուժով, ինչից բխում է, որ ինքնության խնդիրների հետ հընթացս իրականացվող սիրողական մակարդակի խաղերը չափազանց ռիսկային տիրույթ մուտք գործել է, որի արդյունքը կամ հետևանքը հաստատապես կանխատեսելի չէ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Չեմ դադարում վերընթերցել պրոֆ. Նիկողայոս Ադոնցի գործերը և ամեն անգամ հիանալ ու ոգևորվել դրանցով՝ ճոխ լեզու, ճկուն միտք, բարձր գիտականություն, որը ներդաշնակորեն միաձուլված է հայրենասիրության հետ.

«Հայկական լեռնաշխարհը որոշակի ամբողջություն է, որը
ոչ մի հակաճառություն չի ընդունում։ Համաձայն Լինչի պատկերավոր խոսքի, այն մի լեռնային տանիք է, որ իջնում է դեպի Սև ծովը հյուսիսում, դեպի Տիգրիսի երկու վտակների հովիտները հարավում և հատվում է Եփրատի ջրերով արևմուտքում: Այս սահմաններում Հայկական լեռնաշխարհը իրենից ներկայացնում է մի աշխարհագրական, պատմական ու տնտեսական, ինչպես նաև մի ընդհանուր էթնիկական ամբողջություն:

Այս լեռնաշխարհում հիմնված պետությունը չի կարող կայուն համարվել, եթե ամբողջապես չի զբաղեցնում այդ լեռնային տանիքը՝ իր բնական թեքություններով։

Հայաստանի սահմաների հարցը մի սոսկական վիճաբանություն չէ՝ պետության մեծ կամ փոքր չափերին վերաբերող, ինչպես որ այն կարող է թվալ պատահական դիտորդներին։ Այն պետության բուն գոյության և նրա մշակութային ու քաղաքական կայունության համար կենսական հարց է»։

Ամեն ինչ ասված է, ոչինչ չկա ավելացնելու այս դիպուկ և անվիճելի մտքերին։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսական վարչախմբի և Ռուսաստանի միջև «օդանավային հակամարտությունը» շարունակվում է։

Այս վարչախմբի ամենահայտնի քարոզչամիջոցներից «Թուրան» գործակալությունը տեղեկատվություն է տարածել, որ անձամբ Բաքվի բռնապետի ինքնաթիռը Ռուսաստանի օդային տարածքում անցյալ տարեվերջին ենթարկվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության և հաշվի առնելով բարձր ռիսկայինությունը ստիպված է եղել վերադառնալ արհեստածին Ադրբեջան։

Մեր տարածաշրջանը հարափոփոխ վիճակում է, երբ ամեն ինչ գրեթե ամենօրյա ռեժիմով զարգանում, փոփոխվում և շրջադարձերի է ենթարկվում։

Այս առումով ամենևին էլ բացառություն չեն ռուս-ադրբեջանական հարաբերությունները որոնցում առկա խութերն ու, մեղմ ասած, տարաձայնությունները արդեն իսկ զգալիորեն տեսանելի են դառնում։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսրայելի վարչապետի հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ լրագրողը հարցնում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, թե արդյո՞ք ժամանակը չէ՞ հարված հասցնելու Իրանին, քանի որ այն թույլացել է։

Թրամփի պատասխանը միանշանակ է և աներկբա՝ «Նրանք թույլ չեն, նրանք հենց այժմ շատ ուժեղ են»։

Կարծում եմ՝ ԱՄՆ-ի նախագահն Իրանի՝ այդ թվում ռազմական, կարողությունների և ներուժի մասին ամենալավ տեղեկացված անձանցից է, ուստի այս երկրի թուլացման մասին լուրերն, ինչպես կասեր Մարկ Տվենը, մեծապես չափազանցված են։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Բաքվի բարբարոսսկան վարչախմբի «դատարան» կոչեցյալում փաստացիորեն «դատում են» մեզ բոլորիս մեր համազգային իղձերի և երազանքների համար, մեր արդար ու պարզ մարդկային իրավունքն իրացնելու համար։

Մինչդեռ համազգային մակարդակում մենք դեռ տարօրինակ մի ընդարմացման մեջ չենք էլ գիտակցում, որ ոչ մի հայ և հայաստանցի չպետք է հայտնվի թշնամու բանտում, իսկ, Աստված մի արասցե, հայտնվելու դեպքում, մենք՝ որպես ազգ և պետություն, պետք է հնարավոր և անհնարին ամեն ինչ անենք վերջինիս ազատության և տունդարձի համար։

Մի խումբ հայեր Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտում են, և եթե մենք չդադարենք խոշոր առումով այս անպատվությունը և ամոթալի խարանը չնկատելու տալ, հաջորդը լինելու ենք հենց մենք՝ լինելու է մեզանից յուրաքանչյուրը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մի քանի օր առաջ Վաշինգտոնում կայացած Նեթանյահու-Թրամփ հանդիպումը փաստեց իրանական կողմում առկա այն ռազմավարական ընկալումը, որ Իսրայելն, առանց ԱՄՆ-ի լրջագույն աջակցության, չի կարող դիտարկվել Իրանի ախոյան։

Եթե մի կողմ թողնենք լրատվական և քարոզչական աղմուկը, ապա վաշինգտոնյան հանդիպման մեխն Իրանի մասով այն էր, որ նախագահ Թրամփի վարչակազմը որևէ ցանկություն չունի Իրանի դեմ պատերազմական գործողություններ սանձազերծելու և այս առումով «կանաչ լույս» չի տալու Նեթանյահուին։

Առկա բոլոր խնդիրների վերաբերյալ զարգացումներն, ըստ ամերիկյան կողմի դիրքորոշման, ընթանալու են բացառապես երկկողմ՝ Իրան-ԱՄՆ, ձևաչափով։

Թե ինչպիսի ընթացք կունենան դրանք, այլ խնդիր է, սակայն մի բան պարզ է՝ տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք։

#հարափոփոխ_տարածաշրջանը

🆔 @vardan_voskanyan
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի մեր ուսանողների կատարմամբ «Ո՜վ, Իրան» երգը Ահվազի համալսարանում հայ-իրանական բարեկամության երեկոյի ընթացքում սոցցանցերի պարսկալեզու տիրույթում դրական լայն արձագանք է գտել։

Թեհրանի համալսարանի իրանագիտության տելեգրամյան ալիքը ևս այս մասին նյութ է հրապարակել։

Մեր ուսանողների այցն Իրան ոչ միայն կրթական, գիտական և ճանաչողական բնույթ ուներ, այլ նաև Հայաստան-Իրան կապերն ամրապնդելու գործում ժողովրդական դիվանագիտության մի համեստ ներդում էր։

#դարձիր_իրանագետ
#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այսօր Երևանի դպրոցներից մեկում պարսից լեզվի դասասենյակի բացման միջոցառմանը մասնակցելու ժամանած՝ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին ցանկություն է հայտնել այցելելու նաև ռազմագիտության դասարան։

Այս առարկայի դասավանդման առանձնահատկություններին ծանոթանալուց հետո դեսպանը շեշտել է, որ Հայաստանը և Իրանը ձգտում են խաղաղության և ի զորու են այդ խաղաղությունը պաշտպանել սեփական ուժերով և բարեկամական աջակցությամբ։

#Հայաստան_Իրան_բարեկամություն

🆔 @vardan_voskanyan
Մերձավոր Արևելքում էթնիկական և դավանական խմբերի՝ հատկապես եզդիների, և մի շարք խնդիրների մասին խոսել եմ այս հարցազրույցում։

Ներկայացրել եմ նաև այս ուղղությամբ Հայաստանի գալիքի տեսլականում՝ որպես պետություն և ազգ, մեր անելիքների այն հատվածը, որը կարող է զգալիորեն նպաստել մեր հայրենիքի հզորացմանը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Ուղղակի ապշեցուցիչ է, երբ մեզանում դեռևս կյանքի իրավունք ունի արմատապես սխալ այն մտայնությունը, որ, իբր թե, հնարավոր էր, առանց ռազմական բաղադրիչի, Արցախի հայության անվտանգ գոյությունը Բաքվի բարբարոսական վարչախմբի իշխանության պայմաններում։

Ջավախքի հայության տիպաբանորեն, իբր, նման օրինակը կոպիտ սխալ է, հենց միայն այն պատճառով, որ Վրաստանը պետականության և միջէթնիկական համակեցության հազարամյակների ավանդույթի երկիր է, իսկ Ադրբեջանն արհեստածին է, ցեղասպան և ագրեսիվ էթնոկրատիական կազմավորում, ինչին պետք է գումարել նաև ժառանգական բռնապետություն լինելու հանգամանքը։

Գրեթե նույն սխալն է կատարվում նաև այն դեպքում, երբ հնարավոր է դիտարկվում, առանց ռազմաքաղաքական հավասակշռության առնվազն վերականգնման, Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության գաղափարը։ Որքան էլ դա ցավալի թվա, նման բան ուղղակի հնարավոր չէ։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Դեռևս անտիկ ժամանակներից եկող թևավոր խոսք կար՝ «Պարթևները չեն խոսում ո՛չ իրենց հաջողություններից, ո՛չ անհաջողություններից, նրանք գործում են»։

Պարթևական քաղաքակրթական ժառանգությանն, անկասկած, կարող են հավակնել երկու ժողովուրդ՝ իրանցիները և հայերս։

Իրանցիները կրկին շատ չեն խոսում, այլ գործում են, հայերս, ցավալիորեն, միայն խոսում ենք։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Իմ համեստ կարծիքով՝ հայաստանյան և հայ հանրույթը սպասում է ոչ թե ինչ-որ «գաղափարախոսության» քննադատության, այլ այլընտրանքային գաղափարախոսության։

Եթե հայաստանյան և հայ հասարակական-քաղաքական ու փիլիսոփայական միտքն այնքան ամուլ է գտնվելու, որ չի կարողանալու առաջարկել այլընտրանք, ապա, ցավալիորեն, կստացվի, որ մենք իրոք արժանի ենք այն ամենին, ինչ ունենք հիմա։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Միշտ արդիական պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցը, ոչ միայն խոշոր պատմաբան է, այլ նաև խորը գաղափարախոս՝

«Փոքր ժողովրդի հերոսական պայքարը չբերեց նրանց նպատակների իրականացմանը։ Թուրքական բանտի պարիսպները զրկեցին նրանց աստվածային լույսից, նրանց գլխին բարձրացած թուրքական սուրը պահեց նրանց ստրկության մեջ: Բայց զարկել է ժամը, երբ Հայաստանը, ամբողջովին արյունաներկ իր զավակների արյունով, արդար դատաստանի է կոչում իր դարավոր դահիճների նկատմամբ և պահանջում է սեփական ճակատագրի տերը լինելու իր իրավունքը»։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Արցախի մասին առաջին անգամ իմացել եմ 16 տարեկանում, հետո՝ անցել Հայաստանի սրբազան հողի այս անքակտելի տարածքը գրեթե ծայրից ծայր։

Մեր նախնյաց քաղաքակրթական ջանքի գոհար մեր այս սրբավայրի բակում ձախից երևացող նստարանին էլ միայնակ նստել ու ծխել՝ մտքումս Աստծուն փառք տալով այդ երջանիկ հնարավորության համար։

Մեր նախնիների հրաշակերտ գլուխգործոց Գանձասարն այժմ, ցավալիորեն, բարբարոսների պիղծ ոտքի կոխան է. գերված է մեր սուրբն ու սրբազան մեր հողը, և սա մոռանալը սրբության ուրացում է, մեր նախնիների ու մեր Աստծո ուրացում։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մենք մոռացել ենք, որ մերձավորարևելյան հինավուրց ազգ ենք, և այս տարածքում պատիվն ու արժանապատվությունը շատ թանկ հասկացություններ են։

Գրեթե ամբողջովին հողին հավասարեցված Գազայում պաղեստինցիները կարողանում են իսրայելական բանտերից ազատել տալ հազարավոր իրենց հայրենակիցների՝ նրանց փոխանակելով իսրայելցի գերիների և նույնիսկ նրանց աճյունների հետ։

Հակամարտության երկու կողմերի համար էլ սեփական գերիների և նույնիսկ նրանց աճյունների վերադարձի հարցը համազգային պատվի և արժանապատվության խնդիր է, ինչը չի կարող պարզ մարդկային հարգանք չառաջացնել։

Մինչդեռ մեր գերիները Բաքվի բարբարոսական վարչախմբի պիղծ ձեռքերում ամեն օր ենթարկվում են նվաստացման և կտտանքների, ինչը մեր բոլորի նվաստացումն է, մեր ազգային պատվի ու արժանապատվության ոտնահարումը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հենրիխ Մխիթարյանն օրինակելի, համեստ, պրոֆեսիոնալ, համաշխարհային ճանաչում ունեցող մարդ է, մարզիկ ու մեծ հայ, ուստի չէր կարող անտարբեր մնալ։

Նաև հենց նրա նման մարդկանց օրինակով պետք է դաստիարակել մեր սերունդներին։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Օվալաձև աշխատասենյակում երեկ տեղի ունեցածը դասական օրինակներից էր, թե ինչպես չի կարելի վարել դիվանագիտություն։

Զելենսկին կրկին հայտնվել էր մի սենյակում, որտեղ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո միայն սենյակն էր նույնական այն ամենի հետ, ինչ եղել էր նախկինում։

Նման պայմաններում չի կարելի ներկայանալ նույն շապիկով, նույն լուսանկարներով, նույն դեսպանով և նույն քարոզչական խոսույթով, եթե առնվազն միջուկային գերտերության նախագահ չես։

#հարափոփոխ_աշխարհը

🆔 @vardan_voskanyan
Զարմանալիորեն մեզանում դեռ կենսունակ է այն պատրանքը, որ եթե ժամանակին հինգ կամ յոթ շրջանները հանձնվեին, ապա ամեն ինչ լավ կլիներ, և Բաքվի բարբարոսական վարչախումբը կհաշտվեր նախկին ԼՂԻՄ-ի տարածքով Արցախի կորստյան հետ։

Մենք ցավալիորեն չենք ըմբռնում, որը այդ վարչախմբին և նրա թուրքական օպերատորին հետաքրքրում է լայն իմաստով Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական, ռազմական և տնտեսական գործոն, ոչնչացման խնդիրը, իսկ Նախիջևանը, Արցախը, իսկ այժմ արդեն Սյունիքը (այսպես կոչված, «Թուրանական միջանցքը») այդ ծրագրի միայն փուլեր են, այլ ոչ թե վերջնանպատակներ։

Ասվածի ամենապարզ ապացույցներից մեկը Բաքվի բարբարոսական վարչախմբի՝ Հայաստանի նկատմամբ գրեթե ամեն օր առաջ քաշվող նկրտումներն են նույնիսկ Արցախի ամբողջական բռնազավթումից հետո։

Մեր հիմնական և կոպտագույն սխալն այն է, որ թվում է, թե ակնհայտորեն աչքի զարնող այս հանգամանքն այդպես էլ չնկատելու ենք տալիս և չենք ցանկանում ըմբռնել, քանի որ պատրանքներին տրվելն ավելի գայթակղիչ է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցող նկատելի զարգացումները թույլ են տալիս մեծ զգուշավորությամբ, բայց արդեն իսկ ենթադրել, որ նախագահ Թրամփի վարչակազմը նախանշել է «Քիսինջերի հակառակ քաղաքականության» ուղով ընթանալու միտում։

Եթե 1970-ականներին ԱՄՆ ժամանակի պետքարտուղար Հենրի Քիսինջերը նախաձեռնել էր Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների նորմալացում՝ զգուշանալով Չինաստանի հետ համագործակցության արդյունքում ԽՍՀՄ-ի անվերահսկելի հզորացումից, ապա այժմ Թրամփի վարչակազմը կարծես սկսում է վարել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքական ուղեգիծ՝ զգուշանալով Չինաստան-Ռուսաստան գործակցության արդյունքում Չինաստանի դիրքերի էլ ավելի ամրապնդումից։

Թե ինչպես կընթանան այժմ նախանշվող սաղմնային գործընթացները Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններում, դեռևս շատ էլ հստակ չէ, սակայն այն որ վերջին տարիների աշխարհաքաղաքական, պատկերավոր ասած, լճացումը սկսում է ալեկոծվել, միանշանակ է։

#հարափոփոխ_աշխարհը

🆔 @vardan_voskanyan