Vardan Voskanyan's Channel
4.85K subscribers
333 photos
54 videos
1 file
217 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Եթե թվում է թե Սիրիայում ամեն ինչ ավարտվել է, ապա դա կոպտագույն սխալ է։

Սիրիայում ամեն ինչ դեռևս նոր է սկսվում, և այս պահին ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ի՞նչ զարգացումներ են տեղի ունենալու առաջիկայում։

Արդեն իսկ ակտիվ բախումներ են ընթանում քրդական և թուրքամետ ուժերի միջև, ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նաև թուրքական օդուժի ուղղակի ներգրավմամբ։

Իսրայելում ակտիվորեն աշխատում են Գոլանի բարձունքերից հյուսիս Սիրիայի տարածքում դրուզների ինչ-որ ինքնավար միավորի ստեղծման կամ այդ տարածքն Իսրայելին փաստացիորեն կցելու ուղղությամբ։

Նեթանյահուն իր ելույթում հատուկ առանձնացնում է սիրիացի քրդերին, իսկ իսրայելական ԶԼՄ-ները խոսում են քրդական ուժերին իսրայելական հնարավոր աջակցության մասին։

Ռուսաստանը ձգտելու է առնվազն պահպանել իր ծովային ռազմակայանը Տարտուսում, իսկ Իրանը՝ ապահովել ցամաքային կապը Լիբանանի հետ Սիրիայում ձևավորվելիք նոր իրողությունների պայմաններում։

Ինչպես ցանկացած այլ նմանատիպ կազմավորում, «Թահրիր ալ-Շամը» ևս արդեն հանգիստ կարող է փոխել իր աջակցին, հատկապես, եթե գտնվեն Էրդողանից ավելի հարուստ «հովանավորներ», իսկ այդպիսիք արաբական աշխարհում կան։

Սիրիայում նոր ձևավորվելիք իշխանությունն էլ առայժմ «հանելուկային» է, որովհետև միմյանց կոտորելու պատրաստ տարբեր խմբավորումները «միասնական» էին, քանի դեռ կար ընդհանուր թշնամի՝ ի դեմս Բաշար ալ-Ասադի, մինչդեռ այժմ ոչ միայն նա չկա, այլ նաև սկսվելու է իշխանությունը կիսելու «հրապուրիչ» գործընթացը։

#հարափոփոխ_տարսծաշրջանը

🆔 @vardan_voskanyan
Սիրիայի մոտավորպես 2.5 միլիոն ալավիական բնակչությունը փաստացիորեն մնացել է առանց առաջնորդության, և ոչ ոք չի կարող վստահեցնել, թե նրանց հովանավորությունը չի ստանձնի հենց Իրանը։

Սիրիայում տեղի ունեցածն ակնհայտ անհաջողություն էր Իրանի համար, սակայն անհնար է պնդել, թե իրանցիները կհաշտվեն այդ հանգամանքի հետ։

Ըստ այդմ, եթե Սիրիայում չհաստատվի համազգային համերաշխություն և շարունակվի քաղաքացիական պատերազմը, չի բացառվում, որ լիբանանյան «Հիզբալլահի» օրինակով Իրանի հովանու ներքո կստեղծվի ալավիական տարածքները վերահսկող նմանօրինակ արբանյակ կազմակերպություն, որը կարող է շատ արդյունավետ գործել, քանի որ իրանցիներն ունեն նման կառույցներ ստեղծելու և կառավարելու զգալի և հաջող փորձ։

#հարափոփոխ_տարսծաշրջանը

🆔 @vardan_voskanyan