Vardan Voskanyan's Channel
4.76K subscribers
317 photos
52 videos
1 file
213 links
Opinion and analysis
Կարծիք և վերլուծություն
Мнение и анализ
Download Telegram
Հայաստանում մեր օրերի ամենամեծ աբսուրդներից մեկն այն է, երբ օրնիբուն «ինքնիշխանություն» բառը թմբկահարող, մեր պատմությունն, իբր, օտար կայսրության կողմից գրված հռչակող, այդ կայսրությունն արհեստածին Ադրբեջանի, իբր, իրական դաշնակից համարողներն իրենց համար «սուրբ գիրք» են դարձրել նույն այդ կայսրության բանակի Գլխավոր շտաբի ինչ-որ քարտեզ, որով էլ որոշում են Հայաստանի «ինքնիշխան» աշխարհագրությունը և բոլորիս ու մեր սերունդների ճակատագիրը։

Այս ամենն ուղղակի զավեշտալի կթվար, եթե իրականության մեջ այսքան ողբերգական չլիներ։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանում, ցավոք, չկա մեր երկրի ապագայի տեսլականի շուրջ և ոչ մի լուրջ խոսույթ։

Քեզ ոչնչացնել ցանկացող թշնամու դեմ հանդիման չի կարող լինել «լավ ապրելու» հնարավորություն, եթե չի լուծվում անվտանգության խնդիրը։ Ուստի, առաջնային հարցը ոչ թե «լավ ապրելն» է, այլ անվտանգությունը, որը հնարավորություն կստեղծի իրականում հենց լավ ապրելու։

Ըստ այդմ, «պատշգամբում կարճ շալվարով սուրճ խմելը» հնարավոր կարող է դառնալ թշնամուն հաղթելուց հետո միայն։

Հակառակ դեպքում, նույն այդ պատշգամբում նույն այդ թշնամին ավելի հեշտ կբռնաբարի պայմանական սուրճ խմողին, քանի որ նրա շալվարը կարճ է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Չնկատել այն, որ Հայաստանում բնակչության առնվազն մի խոշոր հատված այլևս հոգնել է ապրել թշնամու կողմից համազգային նվաստացման, մեր հայրենիքի՝ մաս-մաս կլանման, լակոտական մակարդակի ներքին «բանավեճերի» և նման այլ մերժելի երևույթների պայմաններում, առնվազն «ջայլամային քաղաքականություն» է։

Հասարակական ճգնաժամերը ոչ մի տեղ չեն կորչում, եթե դրանք ոչ թե լուծում ես, այլ, իբր, չնկատելու տալիս՝ իբր, շարունակում ապրել այնպես, կածես թե արտառոց ոչինչ չի կատարվում։

Սա նույնն է, թե աչք փակել թեկուզ ոչ ուժգին նշաններով, բայց, այսուհանդերձ, իրեն դրսևորող հիվանդության հանդեպ՝ մոտեցում, որն առնվազն ոչ խելամիտ, եթե չասենք՝ վտանգավոր է և ի վերջո հանգեցնելու է անդառնալի հետևանքների։

Հայաստանը երկու կողմից գտնվում է ագրեսիվ թշնամական միջավայրում, և, պատկերավոր ասած, հիվանդոտ ու անդամալույծ վիճակում ունակ չի լինելու դիմակայելու կենսական անվտանգային մարտահրավերներին, ուստի մեզանում խորքային փոփոխությունները, որոնք միտված պետք է լինեն ոչ թե փաստացի մահվան տանող «իրականության հետ հաշտվելուն», այլ այդ իրականությունն ի շահ մեզ վերադասավորելուն, նույնպես կենսական նշանակություն ունեն։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայաստանում համատարած կերպով «լավ ապրելու» հնարավորության մասին խոսելը սպառողական մտայնության հետևանք և մաքուր ամբոխահաճո պատրանք է։

Ընդհանրապես, աշխարհում չկա և ոչ մի երկիր, որտեղ բոլորն անխտիր «լավ են ապրում», իսկ առավել ևս դա անհնարին է Հայաստսնի նման սահմանափակ ռեսուրսներով երկրներում։

Հայաստանում հնարավոր է և պետք է ապրել արժանապատիվ, իսկ մնացյալը ստահոդ հեքիաթ է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Նույնիսկ սեփական տարածքն Ադրբեջան կոչելու պատմական չնչին լեգիտիմություն չունեցող Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն անվանում է երբևէ գոյություն չունեցած և չունեցող ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» շինծու և հորինովի «եզրույթով», այլև լկտի պահանջներ ներկայացնում։

Մեզանում դրան արձագանքը, եթե այն գոնե լինում է, առավելագույնն այն է, որ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» չէ, ինչին հաջորդում են միամիտ հղումներ ինչ-որ աղբյուրների կամ փաստաթղթերի, այն կանխավարկածով, որ Բաքվի բռնապետը, նրա քարոզչամեքենան կամ, այսպես կոչված, միջազգային հանրությունը միգուցե դրանց մասին չգիտեն։

Մինչդեռ բանաձևը շատ պարզ է. եթե ցանկանում ենք, որ երբեք չլինի ոչ մի «Արևմտյան Ադրբեջան», ապա իր ներկայիս տեսքով պետք է ընդհանրապես չլինի Ադրբեջան։

Եթե բանաձևը պարզ է, ապա այն իրագործելը բարդագույն և միևնույն ժամանակ լուծելի հարց է, սակայն մինչև լուծումներին հասնելն առնվազն պետք է քննարկել և հստակ ձևակերպել խնդիրը, նույնիսկ առանց դրա մասին թմբկահարելու, մինչդեռ մենք առայժմ անիմաստ ու անարդյունք «խաղաղություն» ենք խաղում։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Իրենց էությամբ երևի հարյուրերորդական օրակարգերն անիմաստ զբաղեցնում են մեր միտքը և ժամանակը։

Եվրամիության անդամ երկրների հետ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցը Հայաստանի ներկայիս պայմաներում շատ ավելի անկարևոր է, քան նույնիսկ մեր երկրում երթևեկության անվտանգության ապահովման հարցը, էլ չասեմ՝ արտաքին թշնամիներից պաշտպանության մարտահրավերը։

Ավելի հեշտ ստացած վիզայով պայմանական Փարիզում սուրճ ըմպելը ոչ մի արժեք չունի, եթե վաղը Երևանում ձեր վրայով անցնելու է գիշերային ժամերին գրեթե 100կմ/ժ արագությամբ ընթացող ինչ-որ անդաստիարակի մեքենան, էլ չխոսենք այն մասին, որ թշնամական տանկերը մեր մայրաքաղաքից ընդամենը 2-3 ժամի հեռավորության վրա են։

Այս պայմաններում վիզաների հարցն իրեն հարգող պետության և հանրության համար նույնիսկ պետք է գոյություն չունենար կամ առավելագույնը լիներ հարյուրերորդական, մինչդեռ մեզանում ոմանց մոտ այն այնքան խանդավառություն է առաջ բերել, կարծես վերաազատագրվել է Շուշին։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
2020թ. պատերազմից անցել է գրեթե չորս տարի, սակայն մեզանում չկա պարտության պատճառների և թույլ տված սխալների որևէ համապարփակ վերլուծություն կամ առնվազն քննարկում։

Պարզունակ մոտեցումը, թե արհեստածին Ադրբեջանն ավելին ուժեղ էր, չի դիմանում որևէ քննադատության հենց առաջին Արցախյան պատերազմի օրինակով, որում մենք հաղթել էինք կրկին ավելի ուժեղ հենց նույն Ադրբեջանին։

Մինչդեռ պարտության քաղաքական, ռազմական, տնտեսական, դիվանագիտական, կազմակերպչական, քարոզչական, գաղափարական և այլ պատճառների համապարփակ ու օբյեկտիվ քննությունը և դրանից արվող հետևություններն ու շտկումներն են ստեղծելու այն պարարատ միջավայրը, որի պայմաններում հնարավոր է դառնալու ոչ թե թշնամուն միայն անընդհատ անմտորեն զիջելով, նրան էլ ավելի հզորացնելը, այլ անզուգաչափ լուծումներ գտնելը, վերականգնվելը և կրկին հաջողության հասնելը։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Բռնակցել են, թե չեն բռնակցել, լայն իմաստով այդքան էլ կարևոր չէ, եթե մենք դասեր չենք քաղում պատմությունից։

Հայությունն այդ ժամանակ այնպիսի վիճակում էր, որ յուրաքանչյուր կայացած պետություն կարող էր նրա տարածքը բռնակցել, միացնել, գրավել, բնակչությանը գաղթեցնել, տանել, բերել, կներեք, բայց նույնիսկ ստիպել, որ կռանան և վրայով «հավալլա» թռնել։

Եվ, որքան էլ դաժան հնչի, հիմա էլ մենք՝ որպես ազգ և պետություն, չենք գիտակցում, որ նախևառաջ պետք է բուժել մեր ախտերը, որովհետև մեզանից դուրս մեղավոր գտնելն ամենահեշտ «ելքն» է, ինքներդ գիտեք՝ ինչ սրտի մխիթարանք։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Այսօր Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր ներկայությամբ իսկ պղծել է մեր սրբի մասունքները, մեր նախնիների քաղաքակրթական ջանքի արգասիքը, մեր իշխանուհու՝ «ի թուրքաց պատերազմին» զոհված որդու հիշատակին կառուցած մեր տաճարը, Քարվաճառն ազատագրած մեր հերոսների հիշատակը, մեր պատիվն ու արժանապատվությունը։

Սրա նկարը երբեք չէի տեղադրի, բայց միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և այլ «կառնավալների» ֆոնին։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Թեհրանի խոսակցական պարսկերենում մի բառ կա՝ گوگیجه [gou-gije], որը Թեհրանի հյուսիսի բնիկ իրանական բարբառից պարսկերեն մուտք գործած ենթաշերտային ձև է՝ խոշոր եղջերավոր անասունների հիվանդության անուն (ցավոք, հայերեն տարբերակը չգիտեմ, անգլերեն՝ «mad cow»), փոխաբերաբար նշանակելով «շշմած, շփոթված, մոլորված, մտացրիվ, տարակուսած»։

Ստուգաբանորեն բառի առաջին բաղադրիչը նույնական է հայերեն «կով», երկրորդը՝ «գիժ» բառի հետ։

Բայց խնդիրն այստեղ մաքուր լեզվաբանությունը չէ, այլ բառի փոխաբերական իմաստները, որոնցով էլ կարելի է բնորոշել լայնածավալ և ուղղորդված քարոզչական ճնշման տակ գտնվող մեր հասարակության վիճակը, որը նման պայմաններում օբյեկտիվորեն չի կարողանում գնահատել շրջապատող իրականությունը՝ սպարտայական կենսակերպ և ուժերի լիարժեք լարում ու հանրային կազմակերվածություն պահանջող այն իրականությունը, որը քողարկվում է անվերջ ու անդադար պայմանական «ֆեստիվառների» մոլորեցնող և շողշողուն ծխածածկույթով։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Մեր հասարակության ամենամեծ և արգահատելի ախտերից մեկը գրեթե զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալների ստախոսությունն է, իսկ էլ ավելի նողկալի է, երբ դա չի համարվում արատ կամ ախտ, այլ «լռելյայն» դիտարկվում է՝ որպես հանրայնորեն հանդուրժելի կամ ոչ դատապարտելի երևույթ։

Կյանքում պատահում է, որ այս կամ այն խոստումը կամ մտադրությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի իրականանում կամ ուշանում է դրա իրականացումը, սակայն խոսքը սրա մասին չէ, այլ լկտի և մտածված ստի ու խաբեության։

Մեր հասարակությունը հաճախ, փաստացիորեն, ոչ մի արտառոց բան չի տեսնում, երբ իրեն խաբում են կամ ստում, որովհետև, ցավալիորեն, ինքն էլ իր զգալի մասով ստում է և խաբում՝ անում դա ամեն հնարավոր առիթով, անհրաժեշտաբար կամ նույնիսկ առանց անհրաժեշտության։

Նույն այդ հասարակությունից էլ ծնվում են վերնախավերը, սակայն այդ վերնախավերի առաքելությունն է ձգտել լինել օրինակելի և գոնե փորձել բուժել հասարակական ախտերը, այլ ոչ թե դրանք խտացնել հենց իրենցում։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Հայկական և հայաստանյան հանրային խոսույթում, ցավալիորեն, դեռևս կենսունակ ամենավնասակար, վտանգավոր ու քայքայիչ մտասևեռումներից մեկն այն է, թե Թուրքիայի (այժմ նաև արհեստածին Ադրբեջանի) հետ մեր խնդիրների պատճառը հենց մենք ենք, և եթե մենք փոխվենք, ապա դրանք կլուծվեն։

Ընդ որում, «փոխվելը», փաստացի, մեղմասացություն է, որի տակ իրականում թաքնված է թուրքական ագրեսիվ պահանջների առջև տեղի տալը, ծավալապաշտական նկրտումների հետ համակերպվելը, լայն իմաստով հրաժարվելն այն ամենից, ինչը կարող է «զայրացնել» Թուրքիային և փաստացի ազգագրական ռեզերվացիայի անպատիվ կարգավիճակով թուրքական տեսլականին «ինտեգրվելը»։

Ծագումնաբանորեն թուրքական պատումի (նարատիվի) այս վտանգավոր մտասևեռման ներմուծումը հայկական և հայաստանյան խոսույթ մոտավորապես նույնն է, թե, պատկերավոր ասած, ազատ հագնված պարկեշտ կնոջ և նրան բռնաբարողի միջև առաջացած խնդրում հենց կնոջը, այլ ոչ թե բռնարարին մեղավոր կողմ դիտարկել, իսկ խնդրի լուծմանը կնոջը չադրա հագնել ստիպելու և պարբերաբար կամավոր կերպով բռնարարին տրվելու ու «հաճույք» ստանալու միջոցով հասնել։

Այս կործանարար մտասևեռումը ոչ միայն չունի ապացուցողական որևէ հիմք, այլ նաև հակամարդկային է և ամոթալի, իսկ դրանով շարժվելը հայության և Հայաստանի՝ դեպի ֆիզիկական և բարոյական ոչնչացում տանող ուղիղ ճանապարհ է։

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
Թե բա՝ աշխարհի լոլիկով ամենամեծ ձվաձեղն են սարքելու Հայաստանում։

Մոտ 3-4 հազար տարի անընդմեջ հայաբնակ Արցախը թշնամուն թողնելուց և դրա կողմից պարբերաբար նվաստացվելուց հետո հենց լոլիկով ամենամեծ ձվաձեղի թավայի մոտ «ծիսական շուրջպար» բռնելու ժամանակն է։ Հետո կարելի է անցնել բաստուրմայով ամենամեծ ձվաձեղին...

#չՀայաստանը

🆔 @vardan_voskanyan