Երրորդ Հանրապետության Օրագիրը
41 subscribers
1 photo
20 videos
43 links
Download Telegram
Թուրքիայի և Ադրբեջանի ներկայիս ղեկավարները, իրենց բոլոր թերություններով հանդերձ, ունակ են հասկանալու, որ 2+2=4։ Այս ընկալման պարագայում ակնհայտ է դառնում, որ Բաքվի և Անկարայի երկարաժամկետ ազգային շահերի տեսանկյունից Հայկական հարցը պետք է հեռու և խորը թաղել։ Այս խնդրին հասնելու ռազմավարությունը պարզ է, ոչ խորամանկ և դարերով փորձարկված։

Առաջին փուլում պետք է հայերին ստիպել վախենալ։ Ցուցադրական դաժանությունը և բռնությունը ռազմագերիների և քաղաքացիականների նկատմամբ, եկեղեցիների, հուշարձանների և մշակութային ժառանգության այլ օբյեկտների նպատակաուղղված ոչնչացումը, երիտասարդների թարմ գերեզմանները Եռաբլուրում, որի հողը չի հասցնում չորանալ հայրերի և մայրերի արցունքներից, այս ամենի նպատակը մեկն է՝ ներշնչել հրեշավոր վախ, որը կառաջացնի ամեն գնով խաղաղության հասնելու ցանկություն։ Նրանց ստեղծած վախը որդեգրել են երևանյան «էլիտաները» և օգտագործում են իշխանությունը պահելու իրենց նպատակին հասնելու համար։ Այսինքն՝ թուրք-ադրբեջանական տանդեմը մեկ պարզ կրակոցով միանգամից երկու նապաստակ սպանեց՝ ստիպելով Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների հավատալ, որ կապիտուլյանտների իշխանությունն ի զորու է ապահովել խաղաղություն։ Հանճարեղ է։

Երկրորդ փուլում պետք է հայերին ստիպել հանձնել Արցախը։ Ստեղծվում է նարատիվ՝ եթե չհանձնեք, կստանաք նոր պատերազմ և կկորցնեք ամբողջ Հայաստանը։ Պոպուլիստական իշխանությունը երկրորդ պատերազմ չի ուզում, քանի որ նրա քաղաքական բնույթն անվերջ խոսելն ու շատ խոստումներ տալն է, իսկ իրական քաղաքականությունը, պատասխանատվությունը, անվտանգության ապահովումն արդեն այլ օպերայից են։ Պարզ ասած՝ պոպուլիստները չեն սիրում գործել, չեն սիրում իրականությունը, նրանց տարերքն արհեստական աշխարհներ ստեղծելն է։ Ինչպիսի՞։ Աշխարհներ, որտեղ Դարոն Աճեմօղլուի նման աշխարհահռչակ հայերը վերադառնում են Հայաստան՝ էկոնոմիկայի նախարար աշխատելու, որտեղ Հայաստանը դառնում է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, որտեղ բնակչությունը հասնում է 5 միլիոնի, իսկ ՀՆԱ-ն ավելանում է 15 անգամ, և նման այլ բաներ։

Եվ սրանք աշխարհների օրինակներ չեն, որոնք առաջացել են ճամայկացու գլխում կոլումբիական մաքրագույն սպիտակ ապրանք ընդունելուց հետո, սա Նիկոլ Փաշինյանի անվան Հայաստանի զարգացման՝ մինչև 2050թ․ ծրագիրն է։ Հասկանալի է, թե ինչու են նրանք նման աշխարհներ ստեղծում, անհասկանալի է, թե ինչպե՞ս կարելի է դրանց հավատալ։ Նման պոպուլիստները կհամոզեն, որ Երկնային արքայության հասնելու համար պարզապես պետք է հանձնել այս պնդերես Արցախը, որը խանգարում ադրբեջանական ոսկե մանաթներով ստեղծված կուշտ ու հարուստ ապագայի ճանապարհին։ Այսինքն՝ Բաքուն և Անկարան այս փուլում անմիջական դաշնակիցներ ունեն Երևանում, ուղղակի պետք է նրանց պաշտպանել։ Թուրքական կողմն իզուր չէր ասում, որ Հայաստանում իշխանափոխություն թույլ չի տա։ Անշուշտ, իդեալական դասավորվածություն է։

Երրորդ փուլում, երբ Երևանն ամեն ինչ հանձնած կլինի, պետք է ոչ այնքան հետաքրքրված միջազգային հանրությանը համոզել, թե որքան վեհանձն են իրենք։ Սա, իհարկե, ոչ պարտադիր ատրիբուտ է, բայց ադրբեջանական կողմը գիտակցում է որոշակի արարողակարգի պահպանման կարևորությունը։ Բաքուն իրենց անձնագրերը կբաժանի տեղի հայերին (նրանց, ովքեր կմնան), կձևացնի, թե չի միջամտում կառավարչական գործերին, ընդհակառակը, կհավաքագրվեն տեղի մի շարք բնակիչներ, նրանց տեղեր կտան Ադրբեջանի խորհրդարանում, և գուցե անգամ մի քանի նախարարական պորտֆելներ շնորհեն։ Փողերը կհորդեն, գործարաններ ու ձեռնարկություններ կկառուցվեն, որտեղ հայերը լավ կվարձատրվեն։ Միաժամանակ կվարվի Արցախի ողջ տարածքն էթնիկ ադրբեջանցիներով ակտիվորեն բնակեցնելու քաղաքականություն։

Իսկ չորրորդ փուլում, երբ նրանց բնակչությունը բացարձակ մեծամասնություն կկազմի, կսկսվի «արտոնությունների» կրճատումը ու գործի կդրվի ռեպրեսիվ մեխանիզմը։ Դա այն է, երբ հնարավոր կլինի առանց հետևանքների սպանել հային կամ բռնաբարել հայուհուն, երբ հնարավոր կլինի աշխատավայրում հայի նկատմամբ խտրականություն դրսևորել, նրա համար սահմանափակել մի շարք պաշտոններ։ Այսինքն՝ պայմաններ, որոնք կստիպեն թողնել ամեն ինչ և հեռանալ։ Պաշտոնական Բաքուն կասի, որ չի կարող դեմ գնալ իր օրենքներին և միջազգային իրավունքին և արգելել մարդկանց ու սեփական քաղաքացիների տեղաշարժը։

Ահա այն սցենարներից մեկը, թե ինչպես կավարտվի հայության բազմահազարամյա գոյությունն Արցախում։ Հետոն արդեն դոմինոյի սկզբունքով՝ չի լինի Արցախ, չի լինի Հայաստան, չի լինի Հայաստան՝ չի լինի Սփյուռք։

In Russian
In English
Վերջերս Իլհամ Ալիևը բացահայտորեն հայտարարեց, որ Բաքուն չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե վերջինս հաշվի չառնի Ադրբեջանի «օրինական» շահերը։ Սա Հայաստանի աշխարհաքաղաքական կլանման քառաստիճան ռազմավարության հերթական դրսևորումն է, ինչի մասին ավելի վաղ գրել էինք։ Ալիևը չի կարող լրջորեն խոսել Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու մասին երկու պատճառով՝ առաջին՝ նրա երկիրը մեկ անգամ չէ, որ ցուցադրաբար խախտել է այդ ամբողջականությունը, երկրորդ՝ նա քաջ գիտակցում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի հարգում նրա իսկ վարչապետ և գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը, ով պատրաստ է երկիրը նեղացնել մինչև Երևանի կենտրոնական փողոցների սահմանները։ Այսինքն՝ Ալիևը շատ պարզ ուղերձ է հղում՝ «տվեք այն ամենն, ինչ պահանջում եմ, և հնարավորինս արագ, թե չէ ախորժակս օր օրի մեծանում է»։ Ցանկացած այլ իրավիճակում նման «աշխարհաքաղաքական ցուցամոլությունը» կարող էր պարզապես ծիծաղ հարուցել, բայց մեր դեպքը եզակի է։ Ո՞րն է նրա եզակիությունը՝ կհարցնեք դուք։ Ամեն ինչ պարզ է, Ալիևը ևս մի բան գիտի, որ երևանյան կլանները լրջորեն ու մահու չափ պատրաստ են միայն մեկ ճակատամարտ տալու, և, ավաղ, դա Հայաստանի համար ճակատամարտը չէ։

Ամեն ինչ շատ ավելի պարզունակ է՝ իշխանությունը։ Կարևոր է լինել գլխավորը, քանի որ նրանց տիեզերքում կենսական դիրքորոշումները երկուսն են՝ կա՛մ «վրա», կա՛մ «տակ»: Կարևոր է պահպանել ձևը, իսկ «գլխավորի» բովանդակությունը հեռու է ամենակարևորը լինելուց։ Ցանկացած աթոռի կհամաձայնեն` կիսագաղութային նահանգապետ, փոխարքա կամ վեզիր: Արդյոք հե՞շտ է կործանել մի պետություն, որտեղ պարահանդեսը ղեկավարում են «էլիտաները», որոնք մերժում են բովանդակությունը որպես կենսական և քաղաքական կատեգորիա: Ալիևը, Էրդողանը, դա հասկանալով, մտածում են՝ «եթե տեղացիներին այնքան էլ չեն հետաքրքրում տարածքներն ու պետությունը, եկեք ավելի շատ քամենք, իսկ հետո թող իշխանության համար պայքարեն նրա շուրջ, ինչ կմնա։ Եթե բնակչության մեծամասնությանը հետաքրքրում են միայն կուշտ ապագան և նյութապաշտությունը, ի սեր Աստծո, նրանց կհեղեղենք փողով»։ Ձևի շրջանակներում ամեն ինչ կլինի հիանալի, թանկ ու հարուստ, բայց բովանդակային առումով դրա համար ստիպված կլինեն վճարել հայկական ինքնիշխանության մնացորդներով, ինչը նշանակում է, որ հայկական հողի վրա որևէ հայկական իշխանություն չի կարող լինել։ Իսկ նման դեպքում հնարավոր կլինի՞ այդ հողը շարունակել հայկական համարել։ Հենց այդ պատճառով էլ մեր դեպքը բոլոր իմաստներով է «եզակի», քանի որ առկա է կարճաժամկետ պատրանքի դիմաց հազարամյա անգին գանձը հանձնելու պատրաստակամություն։

In Russian
In English
Ի՞նչ է ցեղասպանության ճանաչումը։ Իրականության տեսանկյունից այն տեղի ունեցածի պատճառների սառնասիրտ վերլուծությունն է և սխալների վրա հետևողական աշխատանքը, որը հնարավորություն կտա խուսափել ողբերգության կրկնությունից։ Հայաստանի ներկայիս վիճակը հուշում է, որ մենք ինքներս դեռ չենք գիտակցել 1915-1923 թթ․ աղետի մասշտաբները։ Չէ՞ որ ներկայիս էլիտաները նպատակահարմար են համարում ժամանակակից Թուրքիայի հետ սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերություններ հաստատումը։ Արդյոք դա վա՞տ է։ Հարևանների հետ նորմալ հարաբերություններ ունենալու ցանկությունն ինքնին չպետք է բացասական արձագանք առաջացնի, ընդհակառակը, այն պետք է միայն ողջունել։ Այս պատմության մեջ մեկ այլ բան է վատ և նույնիսկ սարսափելի՝ կտրուկ թռիչքը զրոյական փուլից մինչև վերջնական:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք է լինի ոչ թե նպատակ, այլ կուտակված բոլոր հետևանքները հաղթահարելու երկարատև գործընթացի արդյունք։ Մինչ օրս Թուրքիան այս ուղղությամբ ոչ մի լուրջ քայլ չի արել։ Ընդհակառակը, Էրդողանը կարծում է, որ ապրիլի 24-ը հայերի կողմից սպանված թուրքերի հիշատակի օրն է։ Եվ եթե մենք ընտրել ենք էրդողանական Թուրքիայի հետ պաշտոնական միջպետական հարաբերություններ հաստատման ուղին, ապա մենք ինքներս փաստացի ստորագրում ենք միակողմանի կապիտուլյացիայի տակ և ի վերջո ստիպված ենք լինելու ընդունել պատմության թուրքական տարբերակը, քանի որ, ինչպես հայտնի է, պատմությունը գրում են հաղթողները:

Բայց իմաստավոր է նաև մեկ այլ հարց՝ արդյո՞ք մեզ համար կարևոր է բովանդակային ճանաչումը և հետևանքների հաղթահարումը։ Քիչ հավանական է։ Անկախության երեսուն տարիների ընթացքում երևանյան քաղաքական էլիտաները չեն ընդունել ցեղասպանության զոհերի ժառանգների կարգավիճակի մասին որևէ պետական օրենք։ Ովքե՞ր են բոլոր այս մարդիկ Երրորդ Հանրապետության աչքում։ Բացարձակապես պարզ չէ: Տեղական «էլիտաները» հաճախ աղավաղում էին Սահմանադրությունն իրենց անձնական՝ իշխանության երկարաձգման խնդիրները լուծելու համար, սակայն երբեք կարևոր չէին համարում երկրի հիմնական օրենքում հիշատակել ո´չ Հայոց ցեղասպանության ողբերգության (ինչպես խոսք անգամ չկա Արցախի մասին), ո´չ էլ Հայաստանի և համաշխարհային հայության ազգային շահերի տեսանկյունից դրա հետևանքների հաղթահարման կարևորության մասին։ Անկախության երեսուն տարիների ընթացքում հայկական պետությունը ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկել միջազգային դատարան ներկայացնելու նպատակով 1915թ․ ծավալուն համապարփակ թղթապանակ նախապատրաստելու ուղղությամբ։ Երեսուն տարի շարունակ 1915 թ․ ցեղասպանության անմիջական հետևանքը հանդիսացող Սփյուռքի վերաբերյալ ըմբռնելի և հստակ քաղաքականություն չի ձևավորվել։

Ընտրվել էր ավելի պարզ ճանապարհ՝ ազգային անվտանգության տեսանկյունից այդ չափազանց կարևոր հարցը թողնել տեղի հայկական համայնքների հայեցողությանը, որոնք լուծում էին միանգամայն տեղական մասշտաբի խնդիրներ՝ ճանաչման բանաձևեր տեղական իշխանությունների կողմից։ Սակայն, վերջին հաշվով, ցեղասպանությունը ճանաչած ոչ մի երկիր, պաշտոնական փաստաթղթերից այն կողմ ոչինչ չարեց: Ո´չ Ռուսաստանը , ո´չ Ֆրանսիան և ո´չ էլ ԱՄՆ-ը որևէ պատժամիջոց չկիրառեցին Անկարայի դեմ՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ժխտման նպատակաուղղված քաղաքականության համար։ Ոմանք կասեն, որ իրենք պարզապես ճանաչել են պատմական փաստը, ինչն արդեն իսկ բարի կամքի դրսևորում է (ինչին դժվար է հավատալ): Բայց եթե անգամ դա այդպես է, մեկ այլ հարց է առաջանում՝ ո՞րն է դրա իմաստը։ 2020 թ․ Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, որն ուղեկցվում էր խաղաղ բնակիչների դաժան մահապատիժներով և հայկական հուշարձանների ու եկեղեցիների ցուցադրական ավերումով, ցույց տվեց, որ մենք ոչ ոքի չենք հետաքրքրում, անգամ եթե դա երկրորդ լայնամասշտաբ ցեղասպանությունը լինի։

Ըստ երևույթին, հաջորդ սերունդը պետք է պատրաստ լինի որոշ ժամանակ անց պահանջել նոր ցեղասպանության ճանաչման նոր բանաձևեր ընդունել այն երկրներից, որտեղ իրենք կարտագաղթեն Հայաստանի թուրք-ադրբեջանական ստրկացումից հետո։ Եվ դա կլինի մեր հավերժական պատմական կոչումը՝ հիշել ու պահանջել ճանաչում ու կարեկցանք ուրիշներից՝ սեփական ձախողումները վերլուծելու ու շտկելու փոխարեն։

Տարբերությունը հասկանալու 107-րդ փորձը չստացվեց, գուցե այս ըմբռնումը գա 108-րդ տարելիցի՞ն։ Թերևս, եթե միայն 108-ամյակն ավելի նշանակալից լինի, քան Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավոր 1-ամյակը։

In Russian
In English
Ընդունված է համարել, որ շախմատը Հայաստանում ազգային սպորտաձև է։ Իսկապես, ազգային հավաքականն ու առանձին խաղացողներ բավականին հաջող են հանդես եկել արքաների խաղում՝ Երևանը դարձնելով շախմատի առաջատար մայրաքաղաքներից մեկը։ Սակայն, ցավոք սրտի, Երրորդ Հանրապետության քաղաքական պատմությունը ոչ թե շախմատի, այլ երկրում տարածված մեկ այլ խաղի՝ բլոտի մասին է։ Չխորանալով այս խաղի ծագումնաբանության մանրամասների մեջ՝ հարկ է նշել, որ դրա էությունը կայանում է նրանում, որ նույն թիմի երկու անդամները (խաղում են երկու թիմ՝ յուրաքանչյուրում 2 հոգի) կարողանան հասկանալ, թե ինչ խաղաթղթեր են իրենց մոտ և դրա հիման վրա կառուցեն իրենց ռազմավարությունը: Ամբողջ խաղը կառուցված է բլեֆի և միմյանց արգելված ազդանշաններ տալու միջոցով աննկատորեն խաբելու ունակության վրա։ Այսպես, տեղական էլիտաները՝ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան, Հանրապետության հիմնադրման օրվանից միմյանց դեմ խաղացել են կեղտոտ բազար բլոտ՝ միևնույն ժամանակ շախմատիստ ձևանալով։ Ինչու՞ կեղտոտ: Շատ հաճախ միևնույն թիմի խաղացողները փաստացի խաղացել են միմյանց դեմ՝ ստանալով հակառակ թիմի խաղացողներից մեկի ծածուկ աջակցությունը: Դե, մնացածը նույն ոգով: Խաղադրույքը միշտ նույնն է եղել՝ իշխանությունը։ Այս խաղը միշտ եղել է և, ամենայն հավանականությամբ, այս էլիտաների համար կմնա գոյության իմաստ: Առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն կունենա հենց երկիրը։

Մինչ նրանք բլոտ էին խաղում միմյանց դեմ, Հայաստանի հակառակորդները շախմատ էին խաղում տարածաշրջանային և գլոբալ խաղացողների հետ։ Բլոտում կա «քուանշ» հասկացություն՝ սա այն դեպքն է, երբ թիմերից մեկի խաղացողը «չի հավատում» հակառակ թիմի խաղացողի խաղադրույքին: «Քուանշի» դեպքում խաղադրույքն ավտոմատ կերպով բազմապատկվում է երկուսով: Արցախի համար խաղի խորամանկությունն այն էր, որ տեղի կառավարիչներն անընդհատ «քուանշ» էին հայտարարում Ադրբեջանին, որը խաղում էր ոչ թե բլոտ, այլ իսկական շախմատ։ Բաքուն ժամանակի ընթացքում կհզորանա և կազդի տարածաշրջանային և միջազգային գործընթացների վրա՝ այդպիսի բան լինել չի կարող, «քուա´նշ»։ Բաքուն Թուրքիայի աջակցությամբ կիրականացնի լայնամասշտաբ ագրեսիա, իսկ բոլոր առաջատար խաղացողները չեն միջամտի՝ անհնար է, «քուա´նշ»։ Ադրբեջանը կմտնի Հայաստանի ճանաչված տարածք, իսկ համաշխարհային ուժային կենտրոնները նրա դեմ նույնիսկ խորհրդանշական պատժամիջոցներ չեն կիրառի՝ ինչպիսի անհեթեթություն, «քուանշ»։ Դրա համար ստիպված եղանք թանկ վճարել, թեև մինչ օրս ո´չ էլիտան, ո´չ բնակչությունը, ո´չ էլ համայնքները չեն հասկանում, որ այս ամենը դեռ ծաղիկներն են։ Կարող ենք վերադառնալ Առաջին Հանրապետության պատմությանը, և որոշ առումներով շարժման ընդհանուր վեկտորը հսկայական թվով անհայտ փոփոխականների պայմաններում քիչ թե շատ պարզ կդառնա։

Նման իրավիճակում կարևոր են բացառապես հետևյալ հարցերի պատասխանները։ Գործող «իշխանությանը»՝ մինչև ե՞րբ եք ձեզ լուրջ խնդիրներ լուծող ուժեղ տղաների տեղ դնելու։ Պարոն Փաշինյանը գուցե 2018թ․-ին բլոտում հաղթեց Սարգսյանին, բայց շախմատում ամբողջությամբ պարտվեց Ալիևին։ Չնայած, ինչպե՞ս կարող ես պարտվել մի խաղաձևում, որը խաղալ չգիտես: Կարևոր չէ: Կա պարզ ու ցավալի փաստ թիվ 1՝ դու ամոթալի կերպով պարտվեցիր պատերազմում և տանուլ տվեցիր երկիրը՝ թաքնվելով բնակչության մեծամասնության աջակցության հետևում, որը լեգիտիմացրեց քեզ 2018թ․-ին և վերարտադրեց 2021թ․-ին։ Կա ցավալի փաստ թիվ 2՝ պայմանները միշտ թելադրում է հաղթողը։ Բացառություն է կազմում Հայաստանը, որը, որպես հաղթող, ոչինչ չթելադրեց 1994թ․-ին պարտված Ադրբեջանին։ Ժամանակն է դա խոստովանել և պատմել կապիտուլյացիայի իրական պայմանները, կամ ինչպես հիմա է ընդունված մոդայիկ և գեղեցիկ անվանել՝ «խաղաղության օրակարգը և խաղաղության պայմանագիրը»։ Հարց ներկայիս «ընդդիմությանը»՝ եթե դուք գաք իշխանության, ինչպե՞ս եք վերանայելու խայտառակ պարտության արդյունքները և, որ ամենակարևորն է, ինչպե՞ս եք փոխելու աշխարհաքաղաքական դասավորվածությունը, որտեղ Ադրբեջանն օրեցօր ավելի կարևոր դեր է խաղում ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում։ Սկզբունքորեն ինչի՞ մասին է խոսքը՝ իրական արմատական փոփոխությունների և շրջադարձերի, թե՞ հերթական բլոտի պարտիայի։

In Russian
In English
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված է գրել, որում առաջ է քաշել մի շարք չափազանց հակասական, բայց միևնույն ժամանակ հետաքրքրական թեզեր արցախյան ուղղությամբ հայկական քաղաքականության տապալման պատճառների մասին։ Փորձենք վերլուծել այս թեզերը և հասկանալ իրական իրավիճակը։

Թեզ 1․ «Փոխզիջումներից հրաժարվելու քաղաքականությունը հանգեցրեց ազգային աղետի»

Իրականում ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Հայկական կողմի ձախողման հիմնական պատճառն այն է, որ Երևանը չկարողացավ մարտավարական հաջողությունը (90-ականների ռազմական հաղթանակը) փոխակերպել իր համար ընդունելի ռազմավարական քաղաքական արդյունքի։ Այն ժամանակվա էլիտաները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, գնացին Բաքվի հետ առաջին և առանցքային փոխզիջման՝ նրանք հստակ պայմաններ առաջ քաշելու փոխարեն, որոնք կդրվեին խաղաղության պայմանագրի հիմքում, համաձայնեցին ստորագրել հրադադարի համաձայնագիր։ Այլ կերպ ասած՝ պետք էր հաղթողի կարգավիճակում անել այն, ինչն այսօր կոշտ, հետևողական և անզիջում կերպով անում է Ադրբեջանը։ Երևանն իր հակառակորդին տվեց առանցքային ռեսուրս՝ ժամանակ, որը 1994 թ․ նավթային գլոբալ «Դարի պայմանագրի» ստորագրման պահից ի վեր սկսեց աշխատել Հայաստանի դեմ։ Երրորդ հանրապետության հայրերին պետք չէ խստորեն դատել այս ձախողման համար, նրանք մտածեցին, որ հաղթանակն արդեն գրպանում է, և անցան ոչ պակաս կարևոր գործի՝ իշխանության համար պայքարի Երևանում։

Այնուհետև Արցախի հարցում հայկական կողմը վարում էր անվերջ փոխզիջումների քաղաքականություն։ Որո՞նք էին դրանք։ Կարգավորման հիմնական սկզբունքներից մեկն այն էր, որ կողմերը հրաժարվում են ուժի կիրառման սպառնալիքից և ուժի կիրառումից՝ որպես իրենց նպատակներին հասնելու միջոցի։ Ադրբեջանը սիստեմատիկ կերպով խախտում էր այդ սկզբունքը, իսկ Երևանը որևէ լուրջ հակաքայլ չէր ձեռնարկում։ 2015-2016 թթ․ Բաքուն հասավ իր առանցքային խնդրին՝ գլոբալ աշխարհաքաղաքական ընկալումների բալանսն ամբողջությամբ փոխեց իր օգտին։ Ոչ մի երկիր չպատժեց Ադրբեջանին իր միակողմանի ագրեսիվ գործողությունների համար, որոնք երբեմն հատում էին բոլոր հնարավոր սահմանները։ Օրինակ, նույն Հունգարիայի կառավարության բացահայտ կաշառումը, որը հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Բաքվին, որտեղ նրան դիմավորեցին որպես ազգային հերոսի։ Հայաստանի պատրաստակամությունը բանակցությունները շարունակելու մի երկրի հետ, որտեղ մարդուն հերոսացնում են քնած հային կացնով սպանելու համար, կարելի է անվանել Երևանի ևս մեկ հիմնարար փոխզիջում։

Դրան հաջորդեց 2016 թվականի ապրիլյան ագրեսիան, որի արդյունքում Բաքվի դեմ պատժամիջոցներ, էմբարգո կամ զսպման որևէ այլ կոշտ միջոցներ չկիրառվեցին։ Բայց արդյո՞ք պետք էր հակառակը սպասել, եթե նույնիսկ Հայաստանը որևէ գործուն քայլ չձեռնարկեց։ Երևանը չկարողացավ իրագործել ամենակարևոր քայլը, որի բարոյական և քաղաքական իրավունքն լրիվ ուներ՝ Արցախի անկախության ճանաչումը։ Առհասարակ, 1994 թ․ ի վեր Հայաստանի Հանրապետությունը որևէ հիմնարար ռազմավարական քայլ չի արել Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ։ Սա՞ չէ արդյոք հայկական կողմի միակողմանի փոխզիջման ամենավառ օրինակը։ Ստացվում է, որ համազգային աղետի պատճառը ոչ թե փոխզիջումների չգնալու քաղաքականությունն է, այլ, ընդհակառակը, անվերջ միակողմանի փոխզիջումների քաղաքականությունը։ Եվ այս առումով լիովին հասկանալի չէ, թե «բանակցային» գործընթացներում Հայաստանի դիրքի ի՞նչ թուլացման մասին է խոսում Լևոն Տեր-Պետրոսյանը։ Տարօրինակ է, որ կրթված քաղաքական գործիչը չի կարողացել հասկանալ տարբերությունը բանակցությունների և հանձնվելու պահանջների միջև։ Բովանդակային իմաստով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ երբեք չեն եղել և չէին էլ կարող լինել, քանի որ Բաքուն միշտ ունեցել է հստակ և հասկանալի դիրքորոշում՝ Արցախի տարածքում երկրորդ հայկական պետություն չի լինելու։ Խաղալ բանակցություններ, ժամանակ շահել և ուժեղանալ վճռական հարված հասցնելու համար՝ ահա թե ինչ էր այդ ամենը, և ափսոս, որ Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերից ոչ մեկը դա չհասկացավ։ Բայց ինչպես ինքն է սիրում կրկնել՝ պատմությունը կդատի։

Շարունակելի․․․

In Russian
In English
Թեզ 2․ «Փաստորեն, կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը։ Փաշինյանն ընդամենը ստորագրել է Հայաստանի կապիտուլյացիայի ակտը։ Հետևաբար, ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է նրանք հլու հնազանդ կընդունեն այն լուծումը, որը փաթաթվելու է Հայաստանի վզին»։

Ինչպես և առաջին թեզի դեպքում՝ ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Խորքային իմաստով կապիտուլյացիա նշանակում է ոչ միայն սեփական պարտության ընդունում, այլև լիակատար հրաժարում ապագա ռևանշի հնարավորությունից։ Այս առումով կապիտուլյացիայի ենթարկվեցին հենց Նիկոլ Փաշինյանը և նրա «էլիտան», քանի որ նրանք պատրաստ են ամբողջությամբ և լիակատար կերպով ընդունել հակառակորդի խայտառակ պայմանները, սահմանազատում իրականացնել նրա հայեցողությամբ, նրա հետ կնքել հաշտության պայմանագիր և հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Թեև այստեղ պետք է կարևոր վերապահում անել՝ ներկայիս քաղաքական էլիտան առկա կոնֆիգուրացիան կարող է կապիտուլյացիա չհամարել, եթե հաշվի առնենք հաղթանակի և պարտության մասին նրանց ընկալումները։ Նրանց համար հաղթանակը Հայաստանի սահմանների բացման և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման ծրագրի իրականացումն է։ Եթե դրա համար պետք է զոհաբերել Հայաստանի մի շարք ֆիզիկական տարածքներ և ողջ Արցախը, ապա այդպես էլ կլինի, քանի որ իրականության ընկալման նրանց հարացույցում երկիրը վաղ թե ուշ կվախճանվի շրջափակման պայմաններում։ Ուստի պետք չէ զարմանալ, որ Փաշինյանը վստահորեն պնդում էր 2020 թվականի պատերազմում հաղթանակի մասին։

Արդյո՞ք Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Սա ավելի բարդ հարց է։ Քաղաքական իմաստով ժամանակակից Հայաստանը կիսագաղութային երկիր է, որտեղ որոշումների կայացման գործընթացը բաժանված է մի շարք արտաքին ուժերի և առանձին ֆեոդալական կլանների միջև, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն կողմնորոշված են դեպի այս կամ այն արտաքին ուժը։ Մի կլանը նրանք են, ովքեր այսօր իշխանության ղեկին են։ Նրանց ծրագիրը պարզ ու հասկանալի է՝ ցանկացած գնով խաղաղություն և բարեկամություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Երկրորդ պայմանական կլանը նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի խմբերն են։ Պայմանական, քանի որ նրանք ստեղծում են տպավորություն, թե ունեն ընդհանուր նպատակ, բայց բոլորովին տարբեր խաղեր են խաղում։ Այսպես թե այնպես, մենք ունենք երկու համակարգային խաղացողներ՝ իշխանություն (որն հեռու է միաձույլ լինելուց) և ընդդիմություն։ Հայաստանում ժողովուրդը վաղուց խաղացող չէ, ինչի համար «մեծ շնորհակալություն» Լևոն Տեր-Պետրոսյան և Co․-ին, ովքեր 1996թ․-ին հենց այդ նույն ժողովրդին կոտրեցին այնպես, ինչպես չէր կարողանա ոչ մի թշնամական հետախուզություն։ Հայաստանի ժողովուրդը տարբեր այլասերվածության մշտական մանիպուլյացիաների առարկա է, անփոփոխ է միայն վերջնարդյունքը՝ նա խաբված և հիասթափված է։ Սփյուռքը ևս պառակտված է, կոտրված և ամբողջովին անգործունակ։ Այսինքն՝ նա նույնպես խաղից դուրս է։ Ուզենք, թե չուզենք, այսպիսին է իրերի դասավորվածությունը։

Եվս մեկ անգամ ընդգծենք՝ առաջին կլանի դեպքում ամեն ինչ պարզ է։ Արդյո՞ք երկրորդներից որևէ մեկը պատրաստ է իր վրա վերցնել Արցախի և Հայաստանի տարածքների նշանակալի մասի հանձնման մեծ խաղը չեղարկելու պատմական գործառույթը։ Եվ ավելի կարևոր հարց՝ ինչպե՞ս են նրանք պատրաստվում դա անել և ի՞նչ գործիքներով։ Այս հարցերի պատասխաններից է մեծապես կախված վերը նշված հարցի պատասխանը՝ արդյո՞ք Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել։ Մեր կողմից կցանկանայինք առանձին հարց հղել առաջին նախագահին՝ արդյո՞ք Հայաստանի կապիտուլիացիայի ներքո նա նկատի ունի սեփական կապիտուլյացիան։ Խոսքը, այնուամենայնիվ, Երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկի և ազդեցիկ համակարգային խաղացողի մասին է։ Թե՞ «հիմնադիր հայրը» իշխանության ղեկին չէր, հետևաբար նրա Հայաստանը չէ, որ կապիտուլացվել է։ Կրկին զարմացեք այս հարցադրման վրա, քանի որ տեղական էլիտաների ընկալման մեջ երբեք չի եղել միասնական և անբաժանելի հայկական պետականություն, եղել է Տեր-Պետրոսյանի անվան Հայաստան, Ռոբերտ Քոչարյանի անվան Հայաստան և Սերժ Սարգսյանի անվան Հայաստան: Եվ դրանք բոլորը, իհարկե, ազնիվ ժողովրդական սոուսով, հատկապես Նիկոլ Փաշինյանի անվան ներկայիս Հայաստանը։

Շարունակելի․․․

In Russian
In English
Թեզ 3 «Պատմությունն արձանագրում է այն, ինչն արդեն իրականացած է։ Ուստի, ինչպիսի ձեռնածություններով էլ Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման հակառակորդները (պետական այրեր, կուսակցական գործիչներ, մտավորականության ներկայացուցիչներ) փորձեն արդարացնել իրենց ապազգային քայլերը, միևնույն է, վաղ թե ուշ կանգնելու են պատմության դատաստանի առջև, ինչից ոչ ոք դեռևս չի խուսափել»։

Առաջին նախագահը միշտ ընդգծում է իր պատկանելիությունը քաղաքական ռեալիզմի դպրոցին և հաճախ քննադատում է նրանց, ում բնորոշ են անսանձ ամբիցիաները։ Ռեալիզմը հրաշալի է, բայց այն պետք է լինի հետևողական և կառուցվածքային, ոչ թե ընտրողական: Մեր դեպքում ռեալիզմը պահանջում է առաջին հերթին հստակորեն սահմանել այն առարկաները, որոնց շուրջ ընթանում են վեճերն ու քննարկումները։ Այստեղից էլ առաջին նախագահին ուղղված առաջին հարցը՝ Ղարաբաղի հակամարտության ի՞նչ փոխզիջումային լուծումների մասին է խոսքը։ Անհրաժեշտ է հստակ և կոնկրետ նշել այդ փոխզիջման կետերը և ապա՝ ներկայացնել համազգային հանրաքվեի։ Արցախի ազատագրումը համահայկական ձեռքբերում է և, հետևաբար, ոչ մի քաղաքական էլիտա չունի այդ հողերի ճակատագրի վերաբերյալ միակողմանի որոշումներ կայացնելու իրավասություն։ Երկրորդ հարցը՝ կոնկրետ ի՞նչ ապազգային գործողությունների մասին է խոսքը։ Նման քայլերը սահմանելու համար նախ պետք է հասկանալ, թե որոնք են ազգային շահերը։ Սա բխում է ռեալիզմի հայեցակարգի պահանջներից, քանի որ ապազգայինն ազգայինի հակադրությունն է։ Իսկ ի՞նչ է ազգայինը: Եթե ոչ առհասարակ, ապա գոնե նույն Ղարաբաղի հարցի շրջանակներում։ Ո՞րն է ի վերջո ազգային շահը՝ անկախությո՞ւնը, Հայաստանի հետ վերամիավորու՞մը, թե՞ դրա ամբողջական ու անվերապահ հանձնումը «խաղաղություն հողերի դիմաց» բանաձևով։ Սահմանեք նրա ուրվագծերն ու սահմանները, ինչը կոնկրետ Դուք՝ որպես ՀՀ առաջին նախագահ և ռեալիստ, համարում եք ազգային շահեր արցախյան ուղղությամբ և որոնք են փոխզիջումային լուծումները։ Առանց այս հստակության, ռեալիզմը ինքնաբերաբար վերածվում է ամենացածրորակ պոպուլիզմի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Ինչ վերաբերում է պատմության դատաստանին, ապա ստիպված ենք համաձայնել, որ նման դատաստանն անխուսափելի է, քանի որ այն բնական է։ Այնուամենայնիվ, նրա առջև առաջինը կհայտնվեն նրանք, ովքեր կանգնած են եղել Երրորդ Հանրապետության ձևավորման ակունքներում։ Ակնհայտ է, որ հենց հիմնադիր հայրերն են դնում պետության հիմքերը, սահմանում զարգացման վեկտորները, որոշում բարեփոխումների ուղենիշները և ամենակարևորը՝ որոշումներ կայացնում և պատասխանատվություն կրում դրանց համար։ Կարելի է ընտրել Իսրայելի և Իռլանդիայի հայրերի ուղին, որոնց մասին այսօր լեգենդներ են հյուսվում։ Նրանց հաջողվեց ստեղծել ուժեղ պետություններ՝ ի հեճուկս ամեն ինչի, այդ թվում՝ ի հեճուկս ռեալիզմի և պատմության կամքի։ Սրանք հայրեր-հսկաներ էին, ովքեր հասկանում էին հաջողության գաղտնիքը՝ անձնականը հանուն ընդհանուրի զոհաբերելու ունակությունը: Կարելի է ընտրել նաև հայ «հայրերի» ուղին, ովքեր որպես նվեր ստացան անկախ երկիր, ոգեշնչված ու մոբիլիզացված սփյուռք, հաղթանակ Արցախում, և 30 տարում կարողացան անել միայն մեկ բան՝ այս ամենը զոհաբերել հանուն իշխանության և մանր, լոկալ ինտրիգների։ Ընդհանուր առմամբ, առաջին նախագահը և «հայրը» չպետք է անհանգստանա պատմության դատաստանի համար, այն միանշանակորեն որոշելու է բոլոր «ղեկավարների» տեղն ու դերը անկախ Հայաստանի փլուզման ու կործանման գործում։

In Russian
In English
«Ընդդիմության» դիմադրության շարժումն ու փողոցային ցույցերն ընդդեմ «իշխանությունների» ի սկզբանե դատապարտված էին ձախողման։ Եվ խնդիրն ամենևին այն չէ, որ Փաշինյանը միակ մարդն է երկրում, ով գիտի փողոցային ցույցերի միջոցով իշխանափոխություն կազմակերպելու բոլոր նրբերանգները։ Կասկածելի է, որ նա այդ բարդ արվեստին տիրապետում է գոնե միջին վիճակագրական տեխնոլոգի մակարդակով, բայց դա առանձին հարց է։ Ձախողված ցույցերի դեպքում ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Ժամանակակից Հայաստանը կիսագաղութային կարգավիճակում գտնվող ֆեոդալա-օլիգարխիկ երկիր է։ Նրա ինքնազգացողությունը որոշվում է ձևով տարբեր, բայց բովանդակությամբ նույնական ֆեոդալական կլանների միջև իշխանության համար մշտական պայքարով։ Այդ կլանները ոչ թե պարզապես հիմնական կամ առանցքային, այլ միակ դերակատարներն են, որոնք որոշում են երկրի զարգացման վեկտորներն ավելի քան երեսուն տարվա ընթացքում։

Նման համակարգի համար իշխանությունն ազգի և պետության արդյունավետ կառավարման գործիք չէ, այն զուտ գերագույն ֆեոդալի կարգավիճակ է՝ ուժի և ձգողության կենտրոն մնացած բոլորի համար։ Այսինքն՝ իշխանությունն ինքնին նպատակ է, հանուն դրա են նրանք զարթնում ամեն առավոտ, և հանուն դրա պատրաստ են ամեն ինչի։ Կարևոր է գիտակցել, որ Երրորդ Հանրապետությունում չկան սկզբունքային և գաղափարական քաղաքական ուժեր։ Չկան գաղափարական լիբերալներ, պահպանողականներ, սոցիալիստներ, ազգայնականներ ու կանաչներ․ ֆեոդալական ճահիճում նման բան չի աճում։ Եթե ավելի պարզ՝ ապա եղածը ճիշտ հող չէ, իսկ եթե ավելի կոշտ՝ այն առհասարակ չկա: Խորը մետաֆիզիկական իմաստով ժամանակակից Հայաստանի հիմնադրաման պահից մինչև մեր օրերը եղած բոլոր ղեկավարների միջև չեք գտնի անգամ երեք հիմնարար տարբերություն։ Երրորդ Հանրապետությունում չկա ո´չ «իշխանություն», ո´չ «ընդդիմություն»։ Ավելին, այդպիսին կոչել այսօր քաղաքական որոշումներ «կայացնողներին» և դրանք «վիճարկել» փորձողներին՝ խորագույն վիրավորանք է այդ եզրույթների հանդեպ։

Այսօր մի ֆեոդալական խումբ գտնվում է «ժամանակավոր որոշողի» կարգավիճակում և, օգտագործելով «նախկին նայողների» նվերը՝ ի դեմս փտող իմունիտետով տոտալ թուլացած երկրի, կյանքի է կոչում «խաղաղություն հողի դիմաց» քաղաքականությունը: Ավելի պարզ՝ այն ավարտին է հասցնում ամբողջական գաղութացման գործընթացը՝ որևէ շանս չթողնելով առաջիկա 30-50 տարում ինքնիշխանության վերականգնման համար։ «Ժամանակավոր նայողները» պետք է հնարավորինս արագ ավարտեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ «խաղաղության» հաստատման տեխնիկական գործընթացները։ «Ապազգային դավաճանական քաղաքականության» լոզունգներով Փաշինյանին աթոռից հեռացնելը կնշանակի, որ «հեռացնողները», ստանալով իշխանություն, պետք է կանգնեցնեն այդ գործընթացը և շրջեն «հայրենասիրականի ու ազգայինի» ուղղությամբ։ Սա վերլուծություն չէ, այլ պարզ տրամաբանություն։ Այստեղից հարց՝ ինչպե՞ս էին նրանք դա անելու, եթե հաջողության հասնեին: Ո՞րն էր նրանց ծրագիրը: Էլ չխոսենք այն մասին, որ նման շրջադարձն իրական իշխանությունից պահանջում է մի շատ կարևոր որակ՝ պատասխանատվություն կրելու կարողություն՝ անձնականը զոհելով հանուն ընդհանուրի։ Դա նաև պահանջում է ոսկերչական քաղաքականություն վարելու, խաղը նրբորեն զգալու և ռազմավարորեն մտածելու կարողություն։ «Նայողի» պաշտոնին լինելու ընթացքում նրանք ունեին բավարար ժամանակ իրենց հմտությունները դրսևորելու համար։ Բայց երկրի վիճակն այսօր հակառակն է հուշում՝ այս մարդիկ միշտ խուսափել են իրական քաղաքականությունից և իրական պատասխանատվությունից, իսկ իշխանությունը միշտ օգտագործել են հանուն «անձնականի», ի վնաս «ընդհանուրի»։

Ինչու՞ պետք է դա փոխվեր: Իրական պատասխանատվություն վերցնելու և սխալներն ուղղելու կտրուկ ցանկությու՞ն առաջացավ: Թե՞ ֆեոդալները հանկարծ փոխակերպվեցին պետական այրերի։ Քիչ հավանական է։ Բայց ահա համազգային ցույցերի տեսքով սիրողական խաղերը՝ կոչված զանգվածներին ցույց տալու «մենք ազգային ենք և դեմ ենք դավաճանությանը» պատկերը, բայց միևնույն ժամանակ դրանք պետք եղած պահին «Հայրենքին այլ կերպ կփրկենք» սոուսի ներքո չեղարկելը՝ իրական պատասխանատվությունից խուսափելու համար, ավելի է նման ճշմարտության: Ի վերջո, բոլորը, ում ընդունված է անվանել Հայաստանի «քաղաքական էլիտա», նույն խմորից են հունցված, և մտածում են պլյուս/մինուս նույն կատեգորիաներով։ Այս կանոնը, ի հեճուկս բնության օրենքների, բացառություններ չունի։ Երրորդ Հանրապետության պատմությունը՝ «Տեր-Պետրոսյանից մինչև Փաշինյան», դրա վառ ապացույցն է։

In Russian
In English
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Քաթար կատարած այցը Հայաստանի երկարաժամկետ շահերի տեսանկյունից կարելի է լիովին ձախողված համարել։ Ինչո՞ւ։ Անձամբ նրա և նրա կառավարության համար այդ ճամփորդությունը զուտ ցուցադրական և պոպուլիստական բնույթ ունի։ Դա ակնհայտ է դառնում կողմերի միջև քննարկվող ծայրահեղ աղքատիկ օրակարգից։ Քաթարը տարածաշրջանային առանցքային տերություններից է և աշխարհում առաջին երկրներից մեկը, որին հաջողվել է ստեղծել ազդեցության անդրազգային ցանցերի համակարգ ամբողջ աշխարհով մեկ։ Այն փոքր երկրի դասական օրինակ է, որը կարողացել է համախմբել իր մարդկային և բնական ներուժը և վերածվել համաշխարհային հավակնություններ և ազդեցություն ունեցող փոքր ուժի։ Ժանրի բոլոր կանոնների համաձայն՝ ամենաբարձր մակարդակով նման կարևոր երկիր այցը պետք է լիներ ռազմավարական բնույթի նախապես համաձայնեցված հավակնոտ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական պայմանագրերի ստորագրման ավարտական փուլը։ Հիմա հարց՝ ռազմավարական և երկարաժամկետ բնույթի ի՞նչ է բերել Հայաստանի վարչապետը Դոհայից։ Բացի տեղական դեղին մամուլի հերթական գեղեցիկ վերնագրերից, հանուն ամեն լավ բանի արարողակարգային կենացներից և տեղական հեռուստատեսությամբ աշխարհակարգի փլուզման մասին փիլիսոփայելուց: Ամենուր ճգնաժամեր են՝ ասում է համայն Հայաստանի ղեկավարը։ Լավ է, որ գոնե ինչ-որ մեկը քաթարցիներին պատմեց այդ մասին, թե չէ նրանք ընդհանրապես տեղյակ չէին։

Եթե լուրջ, ապա փոքր բիզնես պայմանագրերի և համաշխարհային ճգնաժամի մասին պարզ փաստեր արձանագրելու համար կարելի էր խնայել հարկատուների փողերը և Քաթար ուղարկել էկոնոմիկայի փոխնախարարին և «քաղաքագետ-խոսափողներից» մեկին, որոնք ժամանակակից Հայաստանում ավելի շատ են, քան ուժայինները։

Բայց հանուն արդարության պետք է նշել, որ Քաթարը ամենևին էլ բացառություն չէ։ Միջազգային հարցերում Երևանի յուրաքանչյուր քայլ ապրիորի լինելու է ձախողված։ Ինչո՞ւ։ Ամեն ինչ պարզ է։ Ժամանակակից Հայաստանը չունի հստակ սահմանված ազգային շահեր։ Հետևաբար, չունի և չի կարող ունենալ նաև այն, ինչն ընդունված է անվանել արտաքին քաղաքականություն։ Եվ Փաշինյանը չէ, որ գծել է Քաթարի և Պարսից ծոցի մյուս միապետությունների՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ռազմավարական երկխոսություն կառուցելու ճանապարհային քարտեզը։ Նա պարզապես օգտվում է ժառանգությունից, որը թողել է նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։ Մեծ քաղաքականությունում, ինչպես կյանքում, ափսոս չէ քանդել ուրիշների կառուցածը։ Այս առումով էական պահանջ կա ուղղված Սարգսյանին, ով պետք է հասկանար, որ նման ռազմավարական ուղիներ չի կարելի ստեղծել, եթե առկա է ոչ կոմպետենտ պոպուլիստների կողմից դրանք վերցնելու վտանգ։ Դժվար թե նրանցից որևէ մեկը հասկանում է, թե որքան կարևոր դեր է Քաթարը խաղում նոր տարածաշրջանային աշխարհաքաղաքական ճարտարապետության ձևավորման շրջանակներում, և որքան կարևոր է հասցնել նրա հետ կնքել մի շարք ռազմավարական պայմանագրեր, քանի դեռ դա չեն արել Հայաստանի հակառակորդները։ Շատ ափսո՜ս։

In Russian
In English
Իշխան Սաղաթելյանը, ով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կնքվեց որպես Փաշինյանի ռեժիմի դեմ դիմադրության շարժման «անվերապահ առաջնորդ», կրկին մի շարք «բարձր ինտելեկտուալ» արտահայտություններ է հնչեցրել։ Դա զարմանալի չէ, քանի որ խոսքը ծուռ հայելիների թագավորության մասին է, որտեղ հնարավոր է ամեն ինչ և նույնիսկ ավելին։ Այդ թագավորությունում երկիրը կառավարում է դեղին թերթի նախկին լրագրողը, ում հովանավորն այսօր տալիս է խորհրդարանական շարժման ռիթմը և խաղում է Ռիշելյեի «գորշ կարդինալության» լավագույն ավանդույթներով։ Այդ թագավորությունում ղեկավար-լրագրողի դեմ հանդես են գալիս ուժեր, որոնք 30 տարվա կառավարման ընթացքում արել են առավելագույն հնարավորը, որ երկրի բնակչության հիմնական մասը և բազմամիլիոնանոց Սփյուռքը ատեն ու վախենան իրենցից ավելի շատ, քան թուրքերից և ադրբեջանցիներից։ Ըստ էության, հենց նրանք են դեպի իշխանություն կարմիր գորգ փռել նրա համար, ում դեմ այսօր պայքարում են։ Այդ նույն թագավորությունում լայն զանգվածների շրջանում լիակատար տիրապետում են անվերջ խարդավանքներն ու դավադրության տեսությունները, մինչդեռ ռացիոնալիզմը, ողջախոհությունն ու տրամաբանությունը հռչակված են «օրենքից դուրս»։

Այդ թագավորությունը Թոմաս Հոբսի սարսափելի երազն է, որտեղ իրական ժամանակում ընթանում է բոլորի անիմաստ պատերազմը բոլորի դեմ: Ուստի ցանկացած գործողություն ու հայտարարություն պետք է ընկալել այդ ծուռ հայելիների պրիզմայով։ Այլ տարբերակ չկա։

Այսպիսով, դիմադրության շարժման «առաջնորդը» հայտարարեց՝ ա) շարժումը չի ավարտվի Փաշինյանի հեռանալով, բ) շարժման նպատակը հզոր Հայաստանի կառուցումն է։ Այսպիսով, տիկնայք և պարոնայք, թույլ տվեք Ձեզ ներկայացնել մարդկության պատմության մեջ առաջին «ուզում ենք ուզել» և «խոստանում ենք խոստանալ» շարժումը։ Ընդունված է համարել, որ դիմադրության ցանկացած շարժում պետք է ունենա գործողությունների հստակ ծրագիր՝ ճանապարհային քարտեզ, որտեղ երթուղին գծված է շարժման կետից մինչև նպատակակետ: Մարդկանց պետք է ներկայացվեն շատ կոնկրետ խնդիրներ և դրանց հասնելու մեխանիզմները։ Վերջապես այդ ծրագիրը ներկայացվեց՝ Փաշինյանի հեռացումն ու հզոր Հայաստանի կառուցումը։ Փայլուն նպատակներ «ավելի լավ է լինել հարուստ և առողջ, քան թե աղքատ և հիվանդ» ոգով: Բայց ի՞նչ պետք է անել դրանց հասնելու համար։ Ի՞նչ անել Արցախի և Հայաստանի ինքնիշխանության մնացորդների լիակատար հանձնման գործընթացի հետ։ Պետության ի՞նչ մոդել ձևավորել՝ հաշվի առնելով փոփոխվող իրողությունները։ Ինչպե՞ս հաղթահարել համազգային պառակտումը և ինչի՞ հիման վրա իրականացնել համընդհանուր և մասնագիտական մոբլիզիացիայի միջոցառումները։ Հավանաբար, այդ ամենն այդքան էլ կարևոր չէ: Շատ ավելի կարևոր է, թե ով է շարունակելու իր «աստծո կողմից ընտրված» փափուկ տեղով ճզմել թանկարժեք սուպերվարչապետական աթոռի կաշին։

Եվ, իհարկե, հզոր Հայաստան հնարավոր չէր կառուցել 1991 թվականից մինչև 2022 թվականի հունիսը։ Եղանակը լավը չէր, սկզբում Ռոտիշիլդներն էին դեմ, հետո Բարուխները սկսեցին խանգարել, իսկ հետո ընդհանրապես սարսափելի բան եղավ՝ Ադրբեջանը սովորեց ծախսել նավթից ստացված փողերը (Ռոքֆելլերները սովորեցրին), ինչը շատ անսպասելի կերպով լրիվ վերջերս հայտնաբերվեց Կասպից ծովում։ Բայց, հզոր Հայաստան լինելու´ է։ Այդպես է ասել պատերազմում պարտված «ղեկավար-լրագրողը», այդպես են խոստանում «դիմադրության» առաջնորդները, ովքեր ապաշնորհ կերպով կորցրին այն ամենն, ինչ հնարավոր էր կորցնել։ Թեև «դիմադրության շարժում» եզրույթը գերազանց է բնութագրում երկուսին էլ, քանի որ նրանք միշտ, հետևողականորեն ու հիանալի կերպով դիմադրել են նորմալ, զարգացած և ուժեղ պետության կառուցմանը։

In Russian
In English
Ուշագրավ է, որ վարչապետ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովին ուղարկել է նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Համաձայն Սահմանադրության՝ նախագահը հանրապետության գլուխն է, և հենց նա պետք է երկիրը ներկայացնի նման միջոցառումներում։ Արդյո՞ք Փաշինյանը սա հասկացել և ընդունել է։ Հրա՜շք է։ Մոտավորապես նույնն է, ինչ ջուրը գինի դարձնելը կամ երկնային մանանան: Սա ծաղրանք կամ չափազանցություն չէ։ Դատեք ինքներդ՝ 2015 թվական, Փաշինյանը տիեզերական անեծքներ է տեղում Սերժ Սարգսյանի սահմանադրական բարեփոխումների հասցեին և հանդիսավոր կերպով երդվում քրիստոնեական, հրեական և իսլամական Աստծո, Զևսի, Յուպիտերի և Օդինի առջև, որ գալով իշխանության՝ հայ ժողովրդին կփրկի այդ փաստաթղթից, քանզի այն չարիք է։ 2018 թվական, Աստվածները որոշում են նրան շանս տալ, և Փաշինյանը, արդեն անսահմանափակ իշխանություն ունեցող վարչապետի հանդերձանքով, վերահաստատում է հավասարակշռված համակարգ կառուցելու իր ցանկությունը՝ իր ժողովրդին ավտորիտար ստրկությունից դեպի ազատության և ժողովրդավարության բաղձալի ափեր հանելու համար։ Նա խոստանում է ուղղումներ անել ու երդվում, որ անսահմանափակ իշխանությունը, որն իր համար գրել էր Սերժ Սարգսյանը, իրեն պետք չէ և անգամ զզվելի է։

Բայց անցան 2019, 2020, 2021 և 2022 թվականները, իսկ ատելի Սահմանադրությունը ծաղկում է և բուրում։ Ի տարբերություն նախագահ Արմեն Սարգսյանի, ով մշտապես և ձանձրացուցիչ կերպով խոսում էր այդ փաստաթուղթը փոխելու և զսպումների ու հակակշիռների համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Այսինքն, ըստ էության, պարզապես Փաշինյանին հիշեցնում էր 2015 թվականին տված իր երդման մասին, ոչ ավելին։ Բայց Փաշինյանն այնքան է սերտաճել Սերժ Սարգսյանի անվան Սահմանադրության տված բացարձակ իշխանության հետ, որ որոշել է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։ Իհարկե, ի շահ ժողովրդի և երկրի։ Ըստ երևույթին, նա որոշել է, որ ժողովրդավարության ճանապարհին գլխավոր խոչընդոտը ոչ թե մեկ մարդու ձեռքում ամբողջ իշխանության

կենտրոնացումն է, այլ այն անհատները, ովքեր առաջարկում են այդ իշխանությունը բաշխել ի շահ հասարակության։
Այստեղից էլ ծայրաստիճան քամահրական վերաբերմունքը նախագահի ինստիտուտի նկատմամբ մինչև 2022 թվականը։ Նախագահի այցերն անտեսվում էին և նույնիսկ չէին լուսաբանվում պետական լրատվամիջոցներով: Արտաքին աշխարհում ձեռքբերումներն ու պայմանավորվածություններն ընկալվում էին ոչ թե որպես բարիք, այլ՝ սպառնալիք։ Բայց Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո Փաշինյանը կարծես վերափոխվել է՝ նա հայտարարեց, որ ոչ թե աթոռն է գեղեցկացնում նախագահին, այլ նախագահը աթոռին, և բացեց իր գիրկը, սիրտը, բյուջեն ու հնարավորությունները Վահագն Խաչատուրյանի համար։ Նույնիսկ Սանկտ Պետերբուրգի կարևոր ֆորումին ուղարկեց, որպեսզի նա, ինչպես ասում են՝ «մարդկանց նայի և իրեն ցույց տա»։
Հետաքրքիր է, արդյո՞ք նա սրան կհամաձայներ, եթե նախագահի աթոռին լիներ նույն Արմեն Սարգսյանը կամ որևէ այլ թեկնածու, ով իրեն պարտական չէր լինի իր կարիերայի և նշանակման համար։ Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը։ Համարձակվենք ենթադրել, որ պատճառն այն չէ, որ Փաշինյանը բռնել է հայ ժողովրդին դեպի ժողովրդավարություն տանող ճշմարիտ ճանապարհը, այլ Վահագն Խաչատուրյանի կառավարելիությունն ու կանխատեսելիությունը։ Պարզ ասած, նա ընդամենը կատարող է, ով Հին Հռոմի լավագույն ավանդույթներով՝ հստակ ու միանշանակ երդում է տվել իրեն նշանակողին՝ հայտարարելով՝ «Ձեր կամքը՝ իմ ձեռքերով»։ Ահա և հրաշքի ամբողջ բացատրությունը։ Թեև հնարավոր է, որ Փաշինյանին հոգեհարազատ է Մովսեսի կերպարը, և նա պատրաստվում է Սահմանադրությունը փոխել 40 տարի հետո։ Այս պարագայում հայ ժողովուրդը պարզապես պետք է զինվի համբերությամբ։ Հետո ինչ, որ 30 տարի «նախկին սևերն» էին տանում դեպի հզորություն և առաջընթաց, և ևս 40 տարի «ներկայիս սպիտակները» կտանեն դեպի խաղաղություն, բարգավաճում և ժողովրդավարություն։ Ընդամենն այսքանը։

In Russian
In English
Ո՞րն է ժամանակակից Հայաստանում իշխանություն «ունեցողների» և իշխանություն «փափագողների» սկզբունքային տարբերությունը։ Մեկ բանում՝ իրենց այլասերված դեմագոգիան ու պոպուլիզմը պրոյեկտելու մոտեցումներում։ Հռետորաբանության տեսանկյունից «ընդդիմությունից» լսում ենք՝ «Արցախը պատրաստվում են հանձնել Ադրբեջանին»։ »։ Այս մեղադրանքին «իշխանությունները» պատասխանում են ամպագորգոռ լոզունգով՝ «կարևոր է հարգել Արցախի ժողովրդի կամքը»։ Այսինքն՝ ամեն ինչ պտտվում է նրա շուրջ, ինչը դիվանագիտության լեզվով ներկայումս անվանում են Արցախի միջազգային «կարգավիճակ»։ Դեմագոգիան այն է, որ 1994 թվականից մինչ օրս Հայաստանի ոչ մի ղեկավարություն չի համարձակվել շատ սիրելի Արցախին, որի համար այսօր պատրաստ է մեռնել, տալ անգամ ներհայկական կարգավիճակ։ Ի՞նչ է եղել Արցախը Հայաստանի և աշխարհի հայերի համար անցած 30 տարիների ընթացքում։ Ի՞նչ կարգավիճակ է այն ունեցել։ Երևանն Արցախի հետ չի կնքել ոչ մի ռազմավարական պայմանագիր, որտեղ գոնե հստակ նկարագրված կլինեին այն կարմիր գծերը, որոնք ոչ մի պարագայում Հայաստանն ու Սփյուռքը պատրաստ չեն հատել։ Հայաստանի Սահմանադրության բազմաթիվ տարբերակներից որևէ մեկում Արցախի և Հայաստանի համար նրա կարևորության մասին որևէ հիշատակում չկա, էլ չխոսենք ավելի հեռուն գնալու և միութենական պետության նախագիծ պատրաստելու մասին։ Ուստի ծիծաղելի և միևնույն ժամանակ շատ տխուր է Արցախի միջազգային կարգավիճակի համար պայքարի կարևորության մասին լսել նրանցից, ովքեր համարձակություն չեն ունեցել ճանաչելու նրա անկախությունը ո´չ 90-ականների ռազմական հաղթանակից, ո´չ Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի հերոսացումից, ո´չ էլ 2016 թվականի ապրիլյան ագրեսիայից հետո։

Հիմա դիմենք «ժողովրդավարակիրներին»՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ։ Հարգելի´ նեոդեմագոգներ, առանձին «Արցախի ժողովուրդ» գոյություն չունի, կա Արցախի բնիկ հայ բնակչություն։ Եկեք բացատրենք՝ որն է տարբերությունը: Հակամարտության էությունը Ադրբեջանի ղեկավարության ձգտումն էր ազատվելու տեղի բնիկ հայ բնակչությունից և այդ տարածքները բնակեցնելու սեփական բնակչությամբ։ «Արցախի ժողովրդի» իրավունքների հարգմանը պաշտոնական Բաքուն հաճույքով վերագրելու է նաև ադրբեջանական բնակչության իրավունքները, որոնց առաջիկայում պատրաստվում է բնակեցնել այդ տարածքներում։ Եվ այս դեպքում Բաքուն նույնիսկ պատրաստ կլինի կորզել «Արցախի ժողովուրդ» եզրույթը, որպեսզի հայերի համար ավելի հաճելի լինի ընդունել իրենց լիակատար ձախողումը։ Թեկուզ և միայն այս պատճառով որևէ «Արցախի ժողովուրդ» չկա, կա բացառապես Արցախի բնիկ հայ բնակչություն, որն այս տարածքում միակ լեգիտիմ սուվերենն է։ Եվ այդ սուվերենը 90-ականներին արդեն որոշել է իր կարգավիճակը և ամրապնդել իր կամքը հաղթելով իրեն պարտադրված պատերազմում։ Սրանից բխում է ներկայիս իշխանություն «ունեցողներին» ուղղված հաջորդ հարցը՝ ինչո՞ւ չեք հարգում և չեք ճանաչում այս կարգավիճակը։ Չէ՞ որ 2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանի համար անընդունելի են նույնիսկ զոհված հայերի գերեզմաններն այդ տարածքում, էլ չխոսենք այնտեղ իրենց ապագան կառուցող ողջ հայերի մասին։

Երրորդ Հանրապետության իրական պատմությունը և իրական վիճակը, որում Արցախը գտնվում էր 2020 թվականի պատերազմի նախաշեմին, ցույց տվեցին, որ Արցախի կարգավիճակի և Արցախի ապագայի մասին խոսակցությունները, մեղմ ասած, անիմաստ և անառարկայական էին։ Ինքներդ մտածեք, թե ինչպե՞ս կարող է այս տղաներին մտահոգել Արցախի ճակատագիրը, եթե նրանք բացարձակ անտարբեր են եղել Հայաստանի ճակատագրի նկատմամբ։ Ակնհայտ է, որ Հայաստանի ռազմատեխնիկական, քաղաքական և տնտեսական դրությունն առանցքային դեր է խաղացել Արցախի ապագայի և նրա միջազգային կարգավիճակի որոշման հարցում։ Դա կարևոր է հասկանալ և ընդունել, քանի որ ներկայիս ճահճի բոլոր ավանդական բնակիչներն՝ ի դեմս «իշխանության» և «ընդդիմության», առանց հետևանքների ծանրությունը գիտակցելու՝ անընդհատ շահարկելու են Արցախի թեման և խաղալու են զգացմունքների վրա՝ ստեղծելով անվերջ հուզական ճոճանակներ։ Այդպիսին է նրանց բնույթը՝ «ամեն ինչ հանուն իշխանության և իշխանության համար»։

In Russian
In English
Խաղաղության ձգտումը, խաղաղության ապահովումը և խաղաղ պայմաններում զարգացումը բարձրագույն ճշմարտություն է ցանկացած մեծ ղեկավարի համար։ Սակայն հարկ է ավելացնել, որ խոսքը բացառապես իսկական ու փիլիսոփայական խաղաղության մասին է, որը իդիլիայի հոմանիշ է։ Պարզ ասած՝ ուտոպիա կամ ռեալպոլիտիկի լեզվով՝ պոպուլիզմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է խաղաղության մասին, բայց չգիտես ինչու, իր կառավարման այս բոլոր տարիների ընթացքում այդպես էլ կարողացավ բացատրել, թե ինչ է հասկանում դա ասելով։ Արցախի հարցի դեպքում ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի է՝ այն կա՛մ հայկական է, կա՛մ ադրբեջանական։ Միջանկյալ կարգավիճակը, մասնակի ինքնավարությունը, համատեղ կառավարումը, համադաշնությունը և մնացածը, դեմագոգիա է, քանի որ նման կիսակարգավիճակը երբեք չի բավարարի կողմերից առնվազն մեկին։ Տվյալ դեպքում դա Ադրբեջանն է, քանի որ Երևանը գլխովին ընկղմվել է խաղաղության ու ժողովրդավարության հաստատման գործընթացի մեջ, հանուն որի Փաշինյանը պատրաստ է տալ ամեն ինչ + 1։

Խնդիրն այլ է՝ խոշոր խաղացողներից և ոչևէ մեկը դեռևս պատրաստ չէ այդ «ամենը» տոնական փաթեթավորմամբ մատուցել Ալիևին։ Պատճառը ոչ թե Արցախի ու հայերի հանդեպ ունեցած մեծ սերն է, այլ նավթադոլարներով և անսանձ նկրտումներով լցված ինքնավստահ, անվերահսկելի ու միակլանային տարածաշրջանային տերություն ստեղծելու ցանկության բացակայությունը։ Այն, ինչի կարող է փոխակերպվել Ադրբեջանը վախեցնում է շատերին։ Դե, բացի երևանյան «քաղաքական» դասից։ Ինչպես գիտենք, Փաշինյանը կարող է շատ «հանգիստ» և մատի մեկ հպումով Բաքվում «ազգային ժողովրդավարական հեղափոխություն» կազմակերպել, և ամբողջ ադրբեջանական ռեժիմը սարսափ է ապրում միայն իսկ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անունները հիշատակելուց։ Ճիշտ է, այս ամենը որևէ կերպ չօգնեց 2020 թվականի պատերազմում։ Բայց այն ոչինչ է, մասնավոր դեպք և բացարձակապես ոչ ակներև օրինակ։

Գործնականում Արցախի հարցն այլևս չի համարվում Հայաստանի և հայկական աշխարհի աշխարհաքաղաքական կոմպետենցիայի մաս (ինչպես նաև ցեղասպանության ճանաչման հարցը)։ Թեև տեղի ունեցածից հետո տեղին է հարցը, թե արդյո՞ք այն երբևէ եղել է Հայաստանի կոմպետենցիայի շրջանակներում։ Սակայն այս մասին՝ առանձին։ Այսուհետ Արցախի հարցը գործիք է կոմպետենտ խաղացողների ձեռքում՝ խրախուսելու կամ զսպելու Ադրբեջանին և մասամբ Թուրքիային։ Բացի այդ, Արցախը նաև հարմար սակարկության առարկա է համաշխարհային խաղացողների համար։ Դրա փորձը կա՝ այն կիրառվում է 1915 թվականից և ավելի վաղուց։ Ամեն ինչ կախված կլինի կոնկրետ իրավիճակից և համատեքստից։ Ուստի այսօր կա միայն մեկ երկիր, որը կարող է Ադրբեջանին և Թուրքիային օգնել արագ փակել այս խաղը, և դա Հայաստանն է։ Պարադոքսալ է հնչում, ավելի ճիշտ՝ պարադոքսալ կհնչեր 90-ականներին, քանի որ այսօր դա իրականություն է։ Բաքվի և Անկարայի միակ շանսը Երևանին ստիպելն է արագ ավարտել սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ընդունել կապիտուլյացիայի պայմանները և հայտարարել ամբողջ աշխարհին, որ «մենք ունենք զրո խնդիր Հայաստանի և Արցախի հայերի հետ, ամեն ինչ կարգավորել ենք, բոլորին շնորհակալություն, ազատ եք»։Հենց սա է նշանակում խաղաղություն Ադրբեջանի և Թուրքիայի համար, այլ ոչ թե հայ ժողովրդին շրջափակման կապանքներից ազատվելուն և հարուստ և կուշտ կյանքով ապրելուն օգնելու ցանկությունը։ Ի դեպ, վերջինս խաղաղության մասին Երևանի ներկայիս «իշխանություն ունեցողների» պատկերացումն է։

In Russian
In English
Վերջերս վարչապետ Փաշինյանը շնորհավորեց իրեն և իր շրջապատին Հայաստանում բացարձակ միապետության օրվա առթիվ։ Թեև պաշտոնապես այս շնորհավորանքն ուղղված էր ժողովրդին՝ խորհրդարանական Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Նրա հայտարարության մեջ շատ զավեշտալի խոսքեր կային, սակայն հարկ համարեցինք առանձնացնել ու վերլուծել ամենազվարճալիները։ Այսպիսով, սկսենք ամենազվարճալիից՝ «Սահմանադրությունը մշտական զարգացման ու կատարելագործման կարիք ունի»։ Սա Փաշինյանի մեծ մեջբերումների շարունակությունն է՝ «երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն»-ի ոգով (2019թ. Սանկտ Պետերբուրգի ֆորումում Փաշինյանի ելույթից)։ Ցավալի է, որ անձն, ում Սերժ Սարգսյանը հանձնեց անսահմանափակ իշխանությամբ վարչապետի աթոռը, շարունակում է սահմանափակվել բացառապես պարզ փաստերի արձանագրմամբ։ Արդեն 5 տարի է, ինչ Փաշինյանն օգտվում է Սերժ Սարգսյանի անվան Սահմանադրությունից։ Այս ընթացքում դրանում կատարվել է զրո լրացում, զրո փոփոխություն, զրո դրույթներ են ուղղվել, զրո հակասություններ են վերացվել։ Նորից կրկնենք՝ ափսոս, որ միակ մարդը, ով կարող է փոխել այդ Սահմանադրությունը, տարեցտարի սահմանափակվում է միայն «զարգացման ու կատարելագործման» կարևորության մասին խոսքերով։

Երկրորդ առավել զվարճալի մեջբերումն է՝ «Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, որովհետև 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում»։ Նախ՝ ի՞նչ խորհրդարանական համակարգի մասին է խոսքը, եթե ժամանակակից Հայաստանում չկա պառլամենտարիզմ, առավել ևս չկան համակարգեր, նույնիսկ պոպուլիզմը բացարձակ պարզունակ է և ոչ համակարգային։ Խորհրդարանի գեղեցիկ շենքը և դրա ներսում ձեռնամարտ կազմակերպող և Գանդիին ու Չերչիլին սխալ մեջբերող մարդիկ խորհրդարանական համակարգ չեն, այլ ճիշտ հակառակը։ Երկրորդ՝ վարչապետը միանգամայն իրավացի է, որ ներկայիս «համակարգը թույլ է տալիս արդյունավետ կառավարել ճգնաժամերը»։ Ճիշտ է, իշխանության ղեկին գտնվելու արդեն 5 տարվա փորձով երկրի ղեկավարը պետք է իմանար, որ պետք է մեխանիզմներ ստեղծել ոչ թե ճգնաժամերը «կառավարելու», այլ դրանք լուծելու և վերացնելու համար։ Մինչ օրս ոչ մի ճգնաժամ լուծված չէ ․ երկիրն ու Սփյուռքը պառակտված են, արտաքին մարտահրավերները գնալով շատանում են, Ադրբեջանը դեռ պահում է գերեվարված զինվորներին, հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքի բոլոր ոլորտները պատված են փտող բորբոսի հաստ շերտով։ Այնուամենայնիվ, մշտական կառավարվող ճգնաժամերի առկայությունը ցանկացած պոպուլիստական ուժի իշխանության աղբյուրն է։ Ուստի, նրան խիստ չդատենք, նա, այնուամենայնիվ, ասաց ճշմարտությունը։

Երրորդ՝ ժողովրդի վճռական մասնակցությամբ ի՞նչ քաղաքական բանավեճերի մասին է խոսքը։ Բանավեճերը, երբ Փաշինյանը և նրա էլիտայի անդամները նայում են իրենց հայելու մեջ, իրենք իրենց հարցեր տալիս ու պատասխանում, հաշիվ չեն։ Բայց Փաշինյանն կեցցե´, անձամբ իր և իր «խմբի» կայացրած որոշումների ողջ պատասխանատվությունը հմտորեն թեքեց դեպի ժողովուրդը, որն անգամ պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսքը։ Հենց այդպես, անսահմանափակ իշխանություն ունեցող «էլիտան», շատ հեշտ ու պարզ մեղքը բարդում է այն սուբյեկտի վրա, որին նա սովորել է մանիպուլացնել՝ խաղալով նրա զգացմունքների և վախերի վրա։ Ի վերջո ժողովրդին ուղղակի կասեն՝ մեղավորը դուք եք, մենք պարզապես ձեր կամքն ենք կատարել ու կառավարել Սահմանադրությամբ, որի օգտին քվեարկել եք։ Եթե ուզում էիք փոխել համակարգն ու Սահմանադրությունը, ապա պետք էր դրա մասին «վճռականորեն» հայտարարել քաղաքական բանավեճերում։

In Russian
In English
Այսպիսով, Հայաստանում վերջապես մեկնարկում են բարեփոխումները։ Այս խոսքերից հետո շատերին կթվա, որ այժմ վերջապես սկսել է շարժումը դեպի լուսավոր ու նոր երկիր, որը մարդկանց խոստացել էին 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Սակայն խոսքը ոˊչ տնտեսական բարեփոխումների, ոˊչ սոցիալական վերափոխումների, ոˊչ բժշկության ու կրթության, և ոˊչ էլ մեկ անձի իշխանության մենաշնորհ հաստատած Սահմանադրության փոփոխության մասին է։ Իշխանություն «պահողները» որոշել են վերակենդանացնել ՆԳՆ-ն՝ «հասարակական կարգի և անվտանգության պահպանումն» ապահովելու համար։ Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն հատուկ ընդգծեց, որ «ծառայության գրավչությունն բարձրացնելու նպատակով նախատեսվում է բարձր աշխատավարձերով ապահովել հանրապետության ապագա ազգային գվարդիականներին»։ Հետաքրքիր է, թե Փաշինյանին, ով ամեն անգամ հպարտորեն հայտարարում է հանրային լայն աջակցություն ունենալու մասին, ինչու՞ են անհրաժեշտ ավելի շատ վահանակիրներ։ Ժողովրդի անվերապահ սիրո ու աջակցության վրա վստահ ղեկավարը պետք է ուժեղացնի ոչ թե ուժային կառույցները, այլ քաղաքացիականները։ Փաշինյանի և նրա «էլիտայի» նկարագրած իդեալական երկրում, բարձրացնում են ոչ թե ոստիկանների, այլ բժիշկների ու ուսուցիչների աշխատավարձերը։ Իսկ «հասարակական կարգի» մասին մտահոգվելու փոխարեն՝ մտածում են նոր համալսարաններ, հիվանդանոցներ ու հետազոտական կենտրոններ ստեղծելու մասին։ Հատկանշական է նաև, որ նախարարի տեղակալներին ու ոստիկանության ղեկավարներին նշանակելու է վարչապետը։ Ահա այսպիսի «անձնական հոգածություն» ներքին ուժային կառույցների կադրերի նկատմամբ։ Ըստ երևույթին, հենց այդպիսին է լինելու նոր Հայաստանը՝ «Նոր Հայաստան. հասարակական կարգ և անվտանգություն» կարգախոսով։

In Russian
In English